Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում մրցապայքարի մեջ է մտել 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ և «Մեր համայնքը» կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու է առաջադրվել համայնքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը: Օրերս բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք էր տվել հատկապես վերջինիս նախընտրական ուղերձը, որը շատերին հիշեցրեց առաջին դասարանցու հանդեսի ելույթ։
ՔՊ-ն ներկայացրել է 61 թեկնածուից բաղկացած ցանկ, որում ընդգրկված են Թալինի կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավարի տեղակալը, Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի տնօրենը, Թալինի մշակույթի տան մեթոդիստը, Գինեսի ռեկորդակիր, «Գազպրոմ Արմենիա»-ի հսկիչն ու օպերատորը, Թալինի գեղարվեստի դպրոցի ուսուցչուհի Իննա Կալյանը, Կարմրաշենի դպրոցի ուսուցիչ Ռոմա Սահրադյանը, եզդիաբնակ Դիան գյուղի համայնքապետը, Կադաստրի կոմիտեի աշխատակից Արտակ Մելիքյանը, Թալինի քաղաքապետարանի անասնաբույժը, «Շենգավիթ» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժը, ՔՊ անդամ, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչը և այլք:
Նկատենք, որ Սափեյանի անունը շոշափվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած կրակոցների գործով, որով ներգրավվել էր որպես կասկածյալ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով մուտք էին գործել ՋՕԸ և փորձել իրենց կրտսեր որդուն՝ Տավրոս Սափեյանին նշանակել պետի տեղակալ:
«Զարթոնքի» ցուցակի առաջին տեղում Թալինի ԱՏՃ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանն է։ 33 հոգանոց ցուցակում են Հացաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Կիրակոսյանը, «Նարեկ» արտադրական կոոպերատիվի տնօրեն Թամարա Գևորգյանը, Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժը, «Հանքաղբյուր» ՍՊԸ-ի բանվորը, Թալինի էլցանցի «էլ. մոնտյորը», «Հայբիզնեսբանկի» Թալինի մասնաճյուղի գանձապահը և այլք:
«Հայք» լիբերալ կուսակցության ցուցակը գլխավորում է Թալինի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն, անկուսակցական Կարեն Գրիգորյանը։ Ցուցակի 38 թեկնածուների թվում են կոմբայնավար Վահան Պետրոսյանը, ձեռնարկատեր Հակոբ Տերտերյանը, ուսանող Արման Համբարձումյանը, Վերին Սասնաշեն համայնքի ղեկավարը, Դաշտադեմ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, Աշնակ գյուղի դպրոցի գրադարանավարը, Թալինի բուժկենտրոնի բուժքույր Նորվարդ Ներսիսյանը, Մեծաձորի համայնքապետարանի առաջատար մասնագետը և այլք:
«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ղազար Սարգսյան» Ա/Ձ-ի մենեջեր, անկուսակցական Տիգրան Հարությունյանը: Դաշինքի ցուցակում ընդգրկված են 28 հոգի։ Ցանկում են՝ Վերին Բազմաբերդի համայնքապետը, Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տեղակալը, «Շինսերտեֆիկատ» ՍՊ-ի տեխվերահսկիչը, ԵՊՏՀ-ի գործավարը, Շղարշիկ դպրոցի գրադանավարուհին և այլք: