SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հանձնարարել է, որպեսզի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները հանդուրժող լինեն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հասարակական վայրերում չեն լինի պաշտպանիչ դիմակով։
Պարեկներն էլ իրենց ավտոմեքենաներում պահում են պաշտպանիչ դիմակներ ու շատ դեպքերում ցուցաբերում են բարի կամքի դրսևորում. քաղաքացիներին ոչ թե վարչական պատասխանատվության են ենթարկում, այլ պաշտպանիչ դիմակներ են տալիս ու հորդորում, որպեսզի կրեն դիմակները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան պարեկներ, ովքեր իրենց համարելով օրենքի առջև արտոնյալ, իրենց զգալով՝ ինչպես ձուկը ջրում, երբեմն չեն կրում պաշտպանիչ դիմակներ, ու նման պարեկների համար ճիշտ կլինի՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում «դաստիարակչական դասընթացներ անցկացնեն»։
Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ընթացքում, չգիտես ինչու, որոշել էին, որ իրենք «վերին արտի ցորենն են» ու պետք է պաշտպանիչ դիմակ չկրեն, մինչդեռ նույն գումարտակի հրամանատարը, ով Քանաքեռավան գյուղի բնակիչ է ու գյուղում հայտնի է «Կիկոս» մականվամբ, պետք է «իր ականջին օղ արած լիներ» ՀՀ ոստիկանապետի հանձնարարականն ու իր պարեկներին հորդորեր, որ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակ։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ոստիկանության ղեկավար կազմը հետևություններ կանի, որ նման գումարտակի հրամանատարն ու նրան ենթակաները հարգեն օրենքը։