Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նույնպես այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը, ընտրությունների մեկնարկից մոտ 2 ժամ անց արդեն ստացվել են ահազանգեր, որ անձնագրային վարչությունից լրացուցիչ տեղեկանքով ընտրողների համար խնդիրներ են առաջանում։
Քաղաքացիներից մեկը, օրինակ, պատմեց, որ գնացել է անձնագրային վարչություն՝ մոռանալով իր հետ տանել զինկոմիսարիատին կցագրման թերթիկը և փոխարենը իրեն ասեին, որ այդ թերթիկը պարտադիր է, որպեսզի իրեն տեղեկանք տան ընտրությանը մասնակցելու, հետաքրքրվել էին, թե ում է ընտրելու։ Անձնագրային սեղանի աշխատակիցը, իմանալով, որ տվյալ անձը գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին է ընտրելու, բավականին կոշտ տոնով ասել է՝ դե գնա, կգաս երկուշաբթի օրը։
Ի դեպ, նշենք, որ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները քաղաքում բավականին շատ են՝ հավանաբար վախի մթնոլորտ տարածելու և իշխանությունների համար ցանկալի արդյունք ապահովելու համար, ինչպես եղավ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ Սյունիքի տարբեր համայնքներում։
Խորհրդանշական է, որ հատուկ ջոկատայիններն առևտուրն էին անում «Գնթունիք»-ում, որի սեփականատերը, ինչպես հայտնի է, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանն է։
Հիշեցնենք, որ Ապարանում ընտրություններին մասնակցում են «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը՝ 56 հոգանոց ցուցակով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը մոտ 50 թեկնածու էր գրանցել: