Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։

 

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։ Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։

 

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։