Ապրելու և հաղթելու Մերիի պատմությունը սկսվեց 27 տարի առաջ, երբ ընդամենը 7 տարեկան էր։
«Ռիսկը գործի կեսն է, եթե ռիսկի չդիմես, ոչնչի չես հասնի»,- իր կյանքի կռվում հաղթելու բանաձևն է ներկայացնում առաջին խմբի հաշմանդամ, միայնակ մայր, Սյունիքի մարզի Կապան քաղաքի 35-ամյա բնակիչ Մերի Մեժլումյանը։
Նա բակում խաղացող հենց այն աղջնակն է, որ 1993-ի հուլիսի 23-ին թշնամու ինքնաթիռի ռմբակոծությունից, կասետային ռումբի պայթյունից հրաշքով ողջ մնաց, բայց ծանր վիրավորվեց՝ կորցնելով ձեռքերն ու մեկ ոտքը։
«Դեպքից 8 տարի հետո մայրս մահացավ։ Ինքնուրույնության, ուժեղ կամքով, առաջ շարժվելու, դժվարություններից չընկրկելու դաստիարակությունը հայրիկիցս եմ ստացել։ Նա էր ինձ թև ու թիկունք այս տարիներին»,- պատմում է Մերին։
Ընդամենը մի քանի ամիս առաջ ռումբի մի նոր պայթյուն դարձավ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով երկու ձեռքն ու ոտքը կորցրած Մերիի՝ երեխա լույս աշխարհ բերելու լուրը։ Համայնքում ոչ բոլորը միանշանակ ընդունեցին փաստը։
«Երկար եմ մտածել։ Շատ հաճախ եմ ինձ հարց տվել՝ ինչպիսի՞ ապագա եմ ուզում ունենալ։ Գիտակցում էի, որ հայրս ու եղբայրներս միշտ չեն կարող իմ կողքին լինել, և, ինչո՞ւ ոչ, ես էլ կին եմ և իրավունք ունեմ բոլորի պես ամուսնանալ, բալիկներ ունենալ։ Ճիշտ է, չեմ ամուսնացել, միայնակ մայր եմ, բայց այս դեպքում կարգավիճակն ինձ չի մտահոգում։ Ես Կարեն ունեմ, որով և ապրում եմ։ Կյանքիս գերագույն նպատակը մայրության բերկրանքը վայելելն էր»,- «Մեդիալաբին» ասում է Մերին։ Նրա խոսքով՝ դա բառերով չնկարագրվող երջանկություն է, պետք է զգալ։
Քաղցր, հրեշտակ, սիրտ՝ սևահեր ու թխաչյա որդուն խոսքով գոնեգուրգուրելու հարցում մայրը շռայլ է, բայց էլի խոսքերը չեն հերիքում։ Հպարտությամբ պատմում է, որ առաջին իսկ օրից Կարենին մայրական կաթով է կերակրել։ Ճիշտ է, որքան մեծանում է, ախորժակն ավելանում է. այս ամսից սկսել է հավելյալ սնունդ էլ տալ։ Դժվարությունները քիչ չեն, բայց, ասում է՝ իր կյանքի ամենաքաղցր դժվարությունն է։
Երեխայի խնամքի հարցում հորեղբոր կինը թեպետ կողքին է, ինքն էլ ամեն կերպ փորձում է ինքնուրույն հոգալ երեխայի կարիքները, օրինակ՝ տակդիրը փոխել:
Մերին ապրում է վարձակալած բնակարանում։ Առաջին հարկ է, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, բայց ստեղծել է իր հարմարությունները։ Մաքրությունը կարևոր նախապայման է։ Կենցաղային հարցերից էլ է գլուխ հանում՝ կարողանում է ճաշ պատրաստել, ոտքով արդուկ անել, ամանները լվալ։
Մերին չի տրտնջում, անում է հնարավորը և ուզում, որ պետությունն էլ՝ պատասխանատուները, իրենց կողմից աշխատեն՝ հարթելու իրավակարգավորումները, որոնք կօգնեն իրեն ստանալ «պատերազմի հաշմանդամի» կարգավիճակ։ Այս դեպքում, ասում է՝ թոշակը փոքր-ինչ բարձր կլինի, գոնե կիմանա՝ հացի գումար ունի։
«Ուզում եմ պատերազմից տուժածի կարգավիճակ ունենալ, հիմա իմ փաստաթղթերում գրված է՝ մանկուց հաշմանդամ, բայց չէ՞ որ ես պատերազմի հետևանքով եմ այսպես դարձել։ Կարգավիճակս որ փոխվի, թոշակս էլ կավելանա, հետագայում իմ երեխային կկարողանամ նվազագույնն ապահովել»,- ասում է երիտասարդ մայրը։