Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները բավարարված չեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից:
«Այդ անձնավորությունը «կռուտիտ» էր անում, գերիների վերադարձի մասին, ոչ մի հստակ բան չասաց»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Տեսանյութի մասին ասում էր, նման բան չի եղել, վիդեոն կտրել իրար են միացրել, հստակ, որևէ բան չի ասել: Ասում է ինձ խոսացրեցին, ես էլ կուտը կերա, բա Ազգային ժողովի նախագահ ես, ո՞նց կուտ կերար:
Ասում էր, որ պատրաստ է ներողություն խնդրել , իմ համար առաջնային է, որ գերիները վերադառնան», - պատմեց նա:
Տեղեկացնենք, որ ժամը 19:30 -ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հանդիպել էր գերիների ու անհետ կորածների հարազատների հետ: Հանդիպումը տևել էր մեկուկես ժամ:
Հիշեցնենք` գերիների ու անհետ կորածների հարազատները երեկ ու այսօր ակցիաներ են իրականացնում` պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ: Պատճառը լրատվամիջոցներում տարածված տեսագրությունն է, որտեղ Ալեն Սիմոնյանը, խոսելով գերիների մասին, ի թիվս այլ մտքերի, նաև ասում է, որ իր համար գերիների հարց գոյություն չունի: