Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

 

Նրա փոխանցմամբ՝ զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

ՔԿ մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին զինծառայողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդություններն են քննարկվում, դատական նիստերը դեռ չեն ավարտվել:

 

Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի, որոնց ՌԴ ՊՆ ինքնաթիռով Երեւան էր տեղափոխել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մուրադովը:

 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կան հարուցված քրեական գործեր, եւ պետք է պարզվեն գերեվարման յուրաքանչյուր դեմքի հանգամանքները: