«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Լուր ստացանք, որ այդ պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը, որն ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն էլ երեկ ազատվեց պաշտոնից։ Նրա պաշտոնանկության մասին վերջին շրջանում հաճախ էր գրվում։

 

Թեեւ արտաքուստ Ռոմանոս Պետրոսյանի ազատման պատճառը ՏԻՄ ընտրություններն են, հատկապես Կոտայքի մարզում՝ Աբովյանում կրած պարտությունը, եւ թվում է, թե սրանով նրան պատժում են՝ կառավարության անդամից կարգավիճակն իջեցնելով կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի պաշտոնի, սակայն ՊՎԾ-ն լայն լիազորություններով կարեւոր մարմին է, եւ դա այնքան էլ իջեցում չէ։

Ի դեպ, ԱԻ փոխնախարարի պաշտոնից ազատվեց նաեւ Շիրակի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ում էլ, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանը չի ներել, որ ծնունդով լինելով Ամասիայի շրջանից՝ չի կարողացել ՔՊ-ի հաղթանակն այնտեղ ապահովել»:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում