ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, առանց դատական նիստի, ազատ են արձակվելու։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի  հետ զրույցում ասաց պատգամավորների պաշտպան Էմին Խաչատրյանը։

 

Փաստաբանն ասաց, որ այս պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, քանի որ գործընթացն արդեն սկսել է և իր պաշտպանյալները շուտով ազատ կարձակվեն։ 

 

«Ի սկզբանե ես գտնում էի, որ հենց էդպես էլ պետք է լինի, որովհետև օրենքի ուժով՝ հենվելով ՍԴ-ի հայտնի որոշման վրա, դատական նիստի կարիք չկա։ Կարծում եմ՝ արդեն իսկ հիմքեր չկան իմ պաշտպանյալներին անազատության մեջ պահելու, հետևաբար նրանք առանց դատական նիստ հրավիրելու ազատ կարձակվեն»,- նշեց փաստաբանը։ 

Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

 

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: