«Փաստինֆո»-ն զրուցել է Խծաբերդից գերեվարված և  գերությունից հայրենիք վերադարձած տղաներից երկուսի հետ՝  խնդրելով ներկայացնել  գերեվարման և հայկական գյուղերը կորցնելու մութ պատմությունը։

 

Պարզվում է՝ տղաները հայտնվել են ադրբեջանական շրջափակման մեջ՝ առանց այդ մասին իմանալու։  Ավելին, հայ զինծառայողներին հրահանգված է եղել չկրակել՝ ադրբեջանցիներին հանդիպելու դեպքում, այլ այդ մասին զեկուցել հրամանատարությանը։

 

Հայրենադարձված ռազմագերի Մանվելը (անունը փոխված է) պատմել է․ գումարտակը՝ 100 հոգանոց կազմով, նոյեմբերի 27-ին ուղևորվել է Հին Թաղեր, 62-ը դիրքավորվել են, իսկ մյուս 38-ը հրամանատարի հետ տեղափոխվել են այլ վայրում մատական հերթափոխի։ Բարձրացել են մարտական դիրքեր ու սկսել պաշտպանություն կատարել, որը պետք է տևեր 14 օր, սակայն հերթափոխն այդպես էլ չի ժամանել։  

 

Դիրքերում վրաններ էին, չկար հարմարություն. Հերթափոխն այդպես էլ չեկավ.

 

«Ես՝ զինվորական ծառայություն անցած տղա, պատկերացնում էի, որ այնտեղ լինելու են մարտական դիրքեր, բայց տեսանք ուղղակի վրաններ՝ ոչ մի միջոց չկար, բացի այդ՝ ձմեռ էր, ցուրտ։ 14 օրվա ընթացքում ունեցանք հիվանդներ, որոնց վիճակը ծանր էր՝ մեկը հազում էր, մյուսը ոտքն էր վնասել, ու այդ ցրտի պայմաններում՝ առանց քնելու հարմարության, տաքանալու միջոցի, 17 օր իրականացրել ենք մարտական հերթափոխ։

 

Կապի միջոցները՝ ռադիոկապն ու հեռախոսակապը, գործում էին  երբեմն ու տեղ-տեղ։ Անձնակազմի մի մասը գտնվում էր հեռու՝ սննդի կետում, որտեղից էլ ապահովում էին գումարտակի սնունդը։ Հրամանատարին տեսել են մեկ անգամ՝ դիրքավորվելու օրը»,- պատմել է վերադարձած ռազմագերին։

 

Նրա փոխանցմամբ՝ գումարտակի հրամանատարը եղել է Արսեն Ղազարյանը, մնացածներն էլ մոբիլիզացիայի սպաներն էին՝ Արման Մուրադյանը, Հովոն, որոնք իրենց պես զինվորներ էին ու խրախուսվել էին ծառայության ժամանակ։  

 

«Հրամանատարական կազմը մեզանից շատ հեռու էր գտնվում, ղեկավար կազմին տեսել ենք մեկ անգամ, երբ  մեզ տարան, հասցրեցին, մեր դիրքերը ցույց տվեցին՝ ասելով՝ «սրանք են դիրքերը, մարտական հերթապահություն եք իրականացնելու»։ Դրանից հետո հրամանատարին  չենք տեսել՝ կապը  եղել  է հեռախոսով»։

 

Մարտական հերթափոխի ընթացքում նկատել են, որ ադրբեջանցիները հարակից գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ. հակառակորդը տեղակայվում է, կրակը՝ շատանում, ինչի մասին զեկուցել են վերադաս հրամանատարությանը։  

 

«Զեկուցել ենք, որ տեղակայվում են, մոտենում են մեզ, շատանում են կրակները։ Հարցրել ենք՝ «արդյոք գտնվո՞ւմ ենք շրջափակման մեջ», որին ի պատասխան ասել են․ «Չկա նման բան, մենք ձեզ դուրս ենք հանելու, ձեզ հերթափոխ է գալու ու նմանատիպ այլ բաներ»։

 

Ըստ «Փաստինֆո»-ի զրուցակցի՝ իրավիճակը նախ զեկուցել են  անմիջական ղեկավարին, ապա նաև «կամբատին», որը նույն պատասխանն է տվել՝ «չկա նման բան, ինչ էլ ուզում է լինի՝ հերթափոխ եք անելու, մենք ձեզ դուրս կբերենք»։

 

Հերթափոխի ժամանակ մարտեր, փոխհրաձգություններ չեն եղել. Միայն արձանագրել են, թե 17 օրերի ընթացքում ինչպես է  թշնամու զորքերի թիվն ավելանում։  

 

«Եթե  սկզբում ավելի հեռվում էինք իրենց տեսնում, հետո արդեն ավելի մոտակայքում. շարժը տեսանելի էր Խծաբերդ- Հին Թաղերի հատվածում։ Մենք բարձրադիր գոտում էինք, իրենք՝ ներքևում։ Շարժը նկատվում էր»։

Արմավիրցիներին տեղեկացրել էին դիրքը լքելու մասին, շիրակցիներին՝ ոչ

Դեկտեմբերի 13-ն էր, նոր հերթափոխն այդպես էլ չէր եկել, շիրակցի զինծառայողները դեռ դիրքերում էին։ Տարածքում միայն նրանք չէին, քիչ ավելի հեռու Արմավիրից ժամանած ՄՈԲ-ի տղաներն էին ու հենց նրանց դիրքերից էլ լսել են առաջին ու տարօրինակ տեղեկությունը։

«Արմավիրի մոբիլիզացիայից ստացանք լուր, որ մինչև ժամը հինգը դուրս են գալու դիրքերից, քանի որ դուրս չգալու դեպքում հակառակորդը անցնելու է բացահայտ հարձակման։ Բացի դրանից, մեզ ասացին, որ այդ դիրքերը հանձնելու են թուրքերին, քանի որ շրջափակման մեջ ենք գտնվում։ Մեզնից տղաներ կային, որոշեցին չհիմնվել այդ խոսքերի վրա, ճշտումներ կատարել վերադաս հրամանատարության հետ։ Այդ ժամանակ հերքեցին, ասացին, որ ձեզ տրված մարտական հերթապահությունը կատարեք, եթե ինչ-որ բան լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք, մեր հրամաններով կուղղորդվեք, պետք չի լսել ուրիշ խոսակցություններ»,- պատմել է հայրենիք վերադարձած ռազմագերին։

Հրապարակված  վկայությունների շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում