Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։30-ի սահմաններում Գալշոյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Գառնի-Երևան թիվ 266 երթուղին սպասարկող Ռաֆայել Թադևոսյանի վարած Газель մակնիշի միկրոավտոբուսն ու Միշա Խատոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ Газель մակնիշի միկրոավտոբուսի գազաբալոնները պոկվել են ավտոմեքենայի վրայից, և սկսվել է արտահոսք։ Հրշեջները դադարեցրել են նաև այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, ավագ պարեկ Ռոման Ալոյանի և կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։