Հայաստանը պայթեցրել է նոր սկանդալը, որ առաջացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ զրույցի տեսագրության հրապարակումից: Պատմությունն արդեն երևի թե բավականին քաջածանոթ է բոլորին, լայնորեն տարածվել և շրջանառվել է համացանցում, հետևաբար չարժե թերևս վերաշարադրել՝ ցանկության դեպքում դրան ծանոթանալը ընդամենը մեկ-երկու րոպեի գործ է: ԱԺ նախագահը փորձել է իրավիճակը բացատրել նրանով, որ տարածվող նյութը մոնտաժված է, նաև՝ որ իրեն խոստացել էին, թե հանդիպումը չէր ձայնագրվում, բայց ձայնագրել են նենգաբար: Նախ պետք է արձանագրել, որ ԱԺ նախագահին հարվածելու նպատակով արված և տարածված տեսանյութը իրականում հարված է Հայաստանին, այն էլ մի բարդ փուլում, երբ իրավիճակը հայտնվել է մի կողմից կարևոր հանգուցալուծումների շեմին, մյուս կողմից՝ սրված ռազմա-քաղաքական դիմակայության հանգույցում, որ առկա է թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական մակարդակով: Այս տողերը գրվելու ընթացքում մոտենում էր ԱՄՆ ու ՌԴ նախագահների միջև տեսավեհաժողովի ժամանակը և այդ հանդիպումը կարող է էական վերափոխումների բերել այդ թվում մեր ռեգիոնի շուրջ առկա իրավիճակում, ընդ որում պարզ չէ՝ դեպի դրական, թե ռիսկային սպասումներ: Դրան ընդառաջ նաև ակնհայտորեն տորպեդահարվում են իրավիճակի քաղաքական կառավարման աստիճանի բարձրացմանն ու կայունացմանն ուղղված Սոչիի եռակողմ հանդիպման պայմանավորվածությունները, և բավականին ռիսկային գոտում է հայտնվում բրյուսելյան հանդիպման հեռանկարը, առնվազն հանդիպման արդյունավետության, կայունության և մարդասիրական հարցերի լուծման հեռանկարի տեսանկյունից: Քաղաքական կայունության ամրագրման որևէ միտում ներկայումս ձեռնտու չէ Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև նրանք հստակ բարձրաձայնել են, որ կայունություն տեսնում են միայն 3+3 ձևաչափը կյանքի կոչելու պարագայում:
Իրանն այստեղ հայտնվել է երկակի վիճակում: Մի կողմից բավականին բարդ հարաբերություն Արևմուտքի հետ, մի կողմից բավականին լավ պատկերացում ռեգիոնում թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայությունից բխող խնդիրների առումով, մյուս կողմից սակայն ռեգիոնից դուրս չմնալու և ռեգիոնը վերստին Մինսկի խմբի համանախագահությանը չթողնելու ձգտում, ինչն այս փուլում Իրանին դրդում է թուրք-ադրբեջանական խաղը հանդուրժելու: Այդ իրավիճակում, Սոչիից հետո Էրդողանն ու Ալիևը փորձեցին ակտիվորեն աշխատել Ռայիսիի հետ և թերևս ոչ ապարդյուն: Հատկանշական է, որ այսօր Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Իրանի փոխարտգործնախարարները: Մոսկվան թերևս փորձում է Իրանին որոշակիորեն կտրել թուրք-ադրբեջանական գերազդեցությունից կամ խաղից: Զուգահեռ, Ռուսաստանը փորձում է ծանրացնել կովկաս-կասպիական ռեգիոնի իր թիկունքը Հնդկաստանի հետ հարաբերությամբ, ուր այցելել է ՌԴ նախագահ Պուտինն ու քննարկել կարևոր հարցեր: Այդ համատեքստում հիշենք Հայաստան Հնդկաստանի արտգործնախարարի կատարած առաջին այցը՝ ԽՍՀՄ փլուզումից և անկախությունից ի վեր, որտեղ նա խոսեց նաև Հնդկաստանից Իրանի նավահանգիստներ և Հայաստան տրանսպորտային հաղորդուղու մասին:
Հայաստանի շուրջ իսկապես բավականին ուժգին քաղաքական պտտահողմ է, երբ մի կողմից պետք է պատսպարվել՝ քաղաքական, ռազմա-քաղաքական ռիսկերից խուսափելու իմաստով, մյուս կողմից սակայն չմնալ գլուխը պատյանի մեջ խոթած և կարողանալ վարել արդյունավետ բազմավեկտոր աշխատանք: Ահա այս իրավիճակում Հայաստանի հանդեպ ծագում է գերիների թեմայով սկանդալը՝ ԱԺ նախագահի մասնակցությամբ հայտնի տեսանյութից: Իսկ նրբությունն այստեղ այն է, որ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն քաղաքական, բարոյական, մարդկային թեմա է, որ Բաքուն փորձում է օգտագործել Հայաստանին հենց քաղաքական առումով կաշկանդելու համար, որպես զսպաշապիկ, շանտաժի յուրօրինակ միջոց: Ու էստեղ հանկարծ ինչ որ տեսանյութով, ինչ որ մեկը «մերկացնում» է թեման, և իրականում ոչ թե ԱԺ նախագահին, այլ մերկացնում է Հայաստանին, դնելով բավականին խոցելի վիճակում: Սա կամա, թե ակամա, բայց տեղեկատվական գրոհ է Հայաստանի դեմ:
Մանրամասները՝ այստեղ