Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվեցին տասնյակ զինծառայողներ։ ՀՀ ՊՆ-ն նախ հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին։ Վարչապետը, սակայն առցանց ասուլիսով հաղորդեց, որ անհետ կորած զինծառայողները ևս գերեվարված են՝ հայտնելով 32 զինծառայողի գերեվարման մասին, գրում է «Փաստինֆո»-ն։
Գերեվարվածների և անհետ կորած համարվող զինծառայողների հարազատները գրեթե երեք շաբաթ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չէին կարողանում։ Բաքուն չէր հաստատում նաև գերիների կոնկրետ թիվը, նրանց տվյալները՝ չնայած 11 հոգու հայրենադարձությանը։
Ի վերջո, Ադրբեջանը հաստատել է մոտ 21 հոգու ցուցակ, որոնք նոյեմբերի 16-ին գերեվարվել ու առ այսօր գտնվում են Բաքվում եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին վերջապես հնարավորություն տրվեց տեսակցել նրանց հետ։ ԿԽՄԿ-ի միջոցով նրանք կապ են հաստատել նաեւ իրենց հարազատների հետ։
«Փաստինֆո»-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ այս պահին գերեվարված է համայնքի մեկ բնակիչ, որի ընտանիքը վերջերս անակնկալ զանգ է ստացել. Նոյեմբերի 16-ին գերեվարված դեբետցի զինծառայողը գրեթե երեք շաբաթ անց կապ է հաստատել ընտանիքի հետ։
«Պայմանագրային է, ամուսնացած է, մեկ մանկահասակ երեխա ունի։ Նրա հետ խոսել է կինը եւ եղբայրը։ Իմ տեղեկությունով՝ հեռախոսազանգ է եղել։ Կարևոր չէ՝ ինչ է ասել, ինչի մասին են խոսել, եթե ասել է՝ պարզ է ինչ հանգամանքներում տեղի ունեցած կլինի խոսակցությունը։ Ամեն դեպքում, հետաքրքրվեցինք, ձայնից էլ զգացել են՝ նորմալ էր, լավ է։ Ավելի շատ բան ասում է ձայնի տոնայնությունը, քան հենց խոսքերը»։
Մինչև օրս որքանով հետաքրքրվել էր համայնքապետը մի շարք կառույցներից, պայմանագրայինը անհետ կորածների ցուցակում էր և միայն զանգով է հաստատվել նրա՝ Բաքվում գտնվելու փաստը։
Իսկ հնարավոր վերադարձի մասին հստակ տեղեկություններ չկան։ «Հարազատների մոտ մի անհանգստություն կա, նրանք վերադառնան, հասնեն հայրենիք։ Գոնե ես տեղեկություն չունեմ, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպումից կախված է գերիների նոր խմբի վերադարձ կամ խոստում, որ այդ հանդիպումից հետո կվերադառնան»,- ասել է համայնքի ղեկավարը։