Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների հետևանքով գերեվարաված հայ զինծառայողների թիվը ՊՆ հաղորդմամբ 13-ն էր, զոհերի թիվը՝ 6, անհետ կորածներինը՝ 24։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ գերեվարվածների թիվը 3 տասնյակը գերազանցում է, եւ անհետ կորածների մեծ մասը նույնպես գերու կարգավիճակում է։ Գերեվարվածներից շատերին զինծառայողների հարազատները սոցկայքերում տարածված լուսանկարներով ու տեսանյութերով են բացահայտել ու համոզվել, որ իրենց որդիները թշնամու ձեռքերում են։
Փաստը, որ իրենց որդիները ողջ են, հարազատներին անասելի ուախություն է պարգևել։ Բայց միևնույն է, անհանգստությունը մեծ է․ ի վերջո երբ եւ ում միջնորդությամբ են իրենց որդիները հայրենիք վերադառնալու, նրանց ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Ինչպես նաև՝ ինչ է սպասվում նրանց հայրենիք վերադառնալուց հետո։ Հատկապես վարչապետի մակարդակով վերջերս արված հայտարարությունները հարազատների համար խիստ մտահոգիչ են։
«Պետությունն ասում է՝ մենք գերիներ չունենք, իրենք դասալիք են, ուր մնաց վերադարձի հետ կապված հետևողական լինեն»,- ասում է նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողի քույրը՝ ընդգծելով, որ գերեվարվելու իրական պատճառներն ու հանգամանքները միայն նրանց վերադարձից հետո կպարզվի։
Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների հարազատների պատմելով, իրենց ականջին հասել է, որ տղաները սոված-ծարավ, մոտ երկու օր շրջափակման մեջ են գտնվել, 16-ին արդեն գերեվարվել են, քանի որ շրջափակումից այդպես էլ դուրս գալ չի հաջողվել։