«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված հավաքին մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի կռվող տղերքը` մոտ 1000 մարդ, եւ իշխանության ներկայացուցիչներ։

 

Այս ՀԿ-ն ժամանակին հիմնադրել են ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, եւ Սասուն Միքայելյանը։

 

Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասված է, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց»։

 

Դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքական նոր միավոր ձեւավորել` ի դեմս Լեդի Հակոբի ՀԿ-ի եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության: Չի բացառվում, որ առաջիկայում «Ոգու փորձությունը» հայտարարի այդ կուսակցությանը միանալու մասին կամ որեւէ այլ ֆորմատով:

 

Նպատակն այլընտրանքային ԵԿՄ ձեւավորելն է։

Այս նոր միավորի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանն են: Նրանք են Լեդի Հակոբին համոզել, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես՝ «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ Լեդին անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ:

 

Սուքիասյանն իր վրա է վերցրել կառույցի ֆինանսավորման հարցը։ Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին, իշխանությունը նրանց սոցիալական որոշ հարցերը կլուծի եւ ըստ նպատակահարմարության կօգտագործի,  ինչպես տարիներ շարունակ բոլոր իշխանություններն են վարվել ԵԿՄ-ի հետ»:

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում