Վանաձորում նույնպես ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում:
ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ հավաքած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելուց հետո իշխանությունները մտադիր են նաև դաշինքի համամասնական ցուցակի կին անդամներից մեկի նկատմամբ իրավական գործընթաց սկսել: Մեր տեղեկություններով՝ նա ցուցակի երրոդ համարն է՝ Արևհատ Հովհաննիսյանը:
Եթե բացի Մամիկոն Ասլանյանը ավագանու մեկ այլ անդամի էլ ձերբակալեն, ապա կստացվի, որ «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ստացած մանդատները միասին ավելի շատ են, քան Ասլանյանի շուրջ հավաքված մյուս ուժերինը: Հետևաբար՝ ՔՊ-ն Արկադի Փելեշյանի հետ միավորվելով՝ անարգել կարող է Վանաձորի համայնքապետ ընտրել:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: