2021 թվականը լի էր բազմապիսի իրադարձություններով, այդ թվում եղան աղմկահարույց ազատումներ եւ նշանակումներ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել այս տարվա գլխավոր նշանակումներն ու ազատումները:

 

Տարին սկսվեց ՀՀ Զինված ուժերի շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի աղմկահարույց հայտարարություններով: Մասնավորապես, փետրվարին  Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դա դիտարկվեց որպես զինված հեղաշրջման փորձ եւ հետեւանք ունեցավ: Արդեն փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Արտակ Դավթյանը:

 

 

2021 թվականի ընթացքում փոխվեց ոչ միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ նաեւ պաշտպանության նախարարը:  Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնում նշանակվեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, նրան էլ փոխարինեց նախկին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Սակայն մարզպետների փոփոխություններն այդքանով չսահմանափակվեցին. Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Շիրակի մարզպետ, Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնի մարզպետ, Հայկ Ղալումյանն էլ Տավուշի մարզպետ:

Օգոստոսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Նկատենք, որ պաշտոնանկությունների համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել այս տարի տեղի ունեցած  արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ՏԻՄ ընտրությունները:

 

Վերջին աղմկահարույց իրադարձությունն էր թերեւս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն էր: «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ավագանու գրանցված 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել: Երեւանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է:

 

Մանրամասները՝ տեսանյութում