Իտալացի հարսն ու փեսան նույն օրն իրարից 40 կիլոմետր հեռավորության վրա ավիավթարի են ենթարկվել և ողջ մնացել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դժբախտ պատահարները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին Պիեմոնտ շրջանում։ 30-ամյա Ստեֆանո Պիրիլին և նրա 22-ամյա սիրելի Անտոնիետա Դեմասին իրենց օդաչուների հետ երկու մասնավոր ինքնաթիռներով Թուրինից թռել են Աստի քաղաք՝ ընկերների հետ հանդիպելու և ճաշելու համար։ Ավարտելով իրենց ընթրիքը՝ նրանք նստել են իրենց ինքնաթիռները և ճանապարհ ընկել դեպի Սավոնա քաղաք՝ հիանալու ծովով։
Թուրինի մոտ գտնվող թռիչքուղի վերադառնալիս եղանակը հանկարծ վատացել է: «Երբ շարժվում էինք դեպի թռիչքուղի, մեզ պատել էր մառախուղը և խավարը: Գիտեինք, որ մոտակայքում էլեկտրական լարեր կան, բայց չհասցրինք ուշքի գալ, երբ բախվեցինք գետնին և հայտնվեցինք բացատում»,- հիշում է Պիրիլլին։ Տղամարդու ինքնաթիռը կործանվել է թռիչքուղուց 100 մետր հեռավորության վրա։
Պիրիլին դուրս է եկել բեկորների տակից և դուրս բերել երկրորդ օդաչուին։ Նա զանգահարել է 911, իսկ հետո փորձել է կապ հաստատել Դեմասիի հետ, սակայն նա չի արձագանքել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնել են, որ վթարի վայրից 40 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել հերթական ավիավթարը։ «Ես հարցրի, թե մյուս ինքնաթիռում տղամարդ ու կին կա՞ն, ասացին, որ կան: Մարմնովս դող անցավ։ Հասկացա, որ Անտոնիետան այդ ինքնաթիռում է»,- պատմել է Պիրիլլին։
Երկու ավիավթարների հետևանքով Դեմասին և երկու օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել, սակայն Պիրիլլին չի տուժել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Ներկայումս Դեմասին ապաքինվում է հիվանդանոցում։
Նյութի աղբյուր՝
https://lurer.com/?p=545749&l=am