Դեղորայքի կողմնակի ռեակցիան դեղի ընդունումից առաջացած անցանկալի ազդեցությունն է: Սովորաբար հիվանդները կողմնակի ազդեցությունը համարժեք են համարում դեղորայքային ալերգիային: Դեղորայքային ալերգիան կողմնակի ռեակցիա է դեղի կամ նրա նյութափոխանակության արգասիքների հանդեպ իմունաբանական պատասխանի առաջացման հետևանքով, որը բոլոր ռեակցիաների մոտավորապես 10%-ն է կազմում: Այս ռեակցիաները բերում են օրգանայուրահատուկ կամ համակարգային կանխատեսելի դրսևորումների և սովորաբար կրկնվում են նույն դեղի հաջորդական օգտագործումներից:
Ալերգիկ ռեակցիաները կարող են կյանքին վտանգ սպառնալ և մեծ մասամբ կարելի է խուսափել նրանցից: Դեղորայքային ալերգիայի առաջացման ռիսկի գործոններ են տարիքը, դեղի տեսակը, ազդեցության աստիճանը և նշանակման ուղին: Հիվանդների 10-15%-ը նշում են դեղի հանդեպ ալերգիայի առկայություն, սակայն այդ թիվը շատ ավելի մեծ է, քան հաստատված ռեակցիաները, որոնք հոսպիտալիզացված հիվանդների ընդամենը 1-3%-ի մոտ են առաջանում:
Ախտորոշումը
Դեղորայքային ալերգիայի հայտնաբերման և բուժման ընթացքում անհամար խնդիրներ են ծագում, հիմնականում քանի որ մի շարք հնարավոր գործոններ են լինում ներգրավված, օբյեկտիվ ախտորոշիչ միջոցների խնդիր կա և կարող է բազմազան ախտանշաններով հանդես գալ: Դեղորայքային կողմնակի ազդեցություն ախտորոշելու և պատճառը հայտնաբերելու համար պետք է դեղերի տարածված կողմնակի ռեակցիաների վերաբերյալ ունենալ գիտելիքներ, կատարել համապատասխան հետազոտություններ, ներառյալ` մաշկային թեսթը և ենթադրվող դեղով հրահրումը:
Հրահրիչ փորձերը
Եվ ներքին ընդունման և հարաղիքային հրահրումները արվում են դեղի տեսակից և նախատեսված օգտագործումից կախված: Ի սկզբանե փոքր քանակ է տրվում` հետագա 5-10 անգամյա աճով: Դեղաչափերի տալու միջև ժամանակահատվածները որոշվում են` դեղի ներծծումից և ալերգիկ ռեակցիայի տեսակից կախված: Տարածված դեղերի, ինչպիսիք են β-լակտամազային հակաբիոտիկները, հրահրման փորձեր կատարելու համար մշակված են պրոտոկոլներ:
Մեխանիզմները
Դեղերը սովորաբար փոքր մոլեկուլային նյութեր են, որոնք չեն կարող իմունային համակարգը խթանել: Իմունային համակարգի կողմից ճանաչվելու համար դեղը կամ նրա արգասիքը պետք է միանա սպիտակուցային մոլեկուլների հետ` կազմելով դեղ-սպիտակուց համալիր (այս դեպքում դեղը կոչվում է հապտեն): Առաջին հանդիպումից առաջանում է սեսիբիլիզացիա, որը բերում է յուրահատուկ IgE-ի արտադրության կամ հիշողության T-բջիջների առաջացման: Հաջորդ հանդիպումը կարող է առաջացնել կլինիկական ռեակցիա:
Դեղորայքային ալերգիան կարող է ընթանալ ալերգիկ ռեակցիաների չորս տիպերից յուրաքանչյուրով: Շատ դեղեր առաջացնում են հիստամինի և այլ միջնորդանյութերի անմիջական ձերբազատում պարարտ բջիջներից: Շատ դեպքերում մեխանիզմը, այնուամենայնիվ, մնում է ոչ հստակ: Երբեմն կլինիկական նշանները նման են ալերգիային, բայց իմունային համակարգի ներգրավման նշաններ չկան (պսևդոալերգիա կամ ալերգիանման ռեակցիա):
Նյութի աղբյուր՝
https://www.doctors.am/symptoms/alergia-deghorayqayin