Դեկտեմբերի 22-ին Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով զոհվել է 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանը (Քանանյան): Այս մասին գրում է israelahayer.com կայքը։Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական դասընթացը: Երեկ Նիր-Ռաֆայել Քանանյանի տարեդարձն էր ու նա կդառնար 21 տարեկան: Նրան մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար:

Նրա ընտանիքը Իսրայել էր տեղափոխվել Ղազախստանից: Հայրն ըստ մեր ունեցած կցկտուր ու ոչ ամբողջական հաստատված տեղեկությունների հայ է Ռուբեն Քանանյանն(Կանանյան), ով 2018 թվականից բաժանվել էր ընտանիքից:

Ընտանիքը հայկական համայնքի հետ երբևէ կապեր չի ունեցել ու ընդգրկված չի եղել մեր համայնքային ցուցակներում: Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի տեղեկացմամբ, ուղղակի լրատվամիջոցներից են տեղեկացել նրա մահվան մասին:

Ռաֆայելի մայրը Ելենա Կանանյանն ու նրա դուստրը պատերազմի օրերին գտնվել էին Թայլանդում և որդու խնդրանքով մնացել էին Թայլանդում և նոր են վերադարձել Իսրայել: Հայրն էլ գտվել էր Ֆինլանդիայում՝ որդու մահվան գուժը ստանալու պահին: Ընտանիքն ապրում էր Բեյտ Կեշետ կիբուցում, որն գտնվում է Նազարեթից արևելք: Այսօր մեր խմբագրությունը կապ հաստատեց առավոտյան Բեյտ Կեշետ կիբուցի ղեկավարության հետ՝ զոհված ավագ սերժանտի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Ցավոք լրացուցիչ տեղեկություններ ստանալ չհաջողվեց հասկանալի պատճառով:

Այսօր Իսրայելի ժամանակով ժամը 13:00 – ին տեղի ունեցավ ավագ սերժանտի զինվորական ծիսակատարությամբ հուղարկավորությունը:

Հերոս զինվորի աճյունը հողին հանձնեցին Բեյտ Կեշետի գերեզմանատանը:Գազայի հատվածում մարտերում զոհված հանգուցյալ սերժանտ Նիր-Ռաֆայել Քանանյանը մահից առաջ գրել էր. «Մենք Իսրայելը տանելու ենք դեպի նոր դարաշրջան»։

Նյութի աղբյուր՝

https://lurer.com/?p=546094&l=am