Սերկևիլը շատ համեղ միրգ է, որը սովորաբար կիրառվում է թարմ վիճակում կամ կոմպոտների ու մուրաբաների տեսքով, սակայն սերկևիլենին ու դրա համեղ պտուղը նաև հիանալի դեղամիջոց են առողջական ամենատարբեր խնդիրներից ազատվելու համար: Սերկևիլը լայն կիրառություն է ձեռք բերել ժողովրդական բժշկության ոլորտում և օգտագործվում են որպես իմունային համակարգն ամրապնդող, խորխաբեր, միզամուղ ու սրտամկանին տոնուս հաղորդող միջոց: Ընդ որում՝ բուժման նպատակով կիրառվում են ոչ միայն սերկևիլի պտուղները, այլև սերմերը, ճյուղերը, տերևներն ու կեղևը:

 

Այս բույսն օգտագործվում է սրտամկանի, շնչուղիների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Այն նաև շատ օգտակար է շաքարային դիաբետով ու զարկերակային գերճնշմամբ տառապողների համար: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սերկևիլենու տերևների ու ճյուղերի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 1-2 ճաշի գդալ մանրացրած տերևներին ու ճյուղերին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից ու թրմել ևս 45 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ: Բացի այդ, սերկևիլը շատ օգտակար է նաև փորլուծության դեպքում: Աղիների աշխատանքը կարգավորելու համար անհրաժեշտ է ընդունել սերկևիլենու ճյուղերի կեղևի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ մանրացրած կեղևին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից ու թրմել ևս 45 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ (ուտելուց հետո) 1-2 ճաշի գդալ:

 

Այս բույսի սերմերը շատ օգտակար են բերանի խոռոչի չորության դեպքում: Տհաճ զգացողություններից ազատվելու համար խորհուրդ է տրվում 2-3 սերմ դնել լեզվի տակ ու թողնել 1-2 ժամ: Այս մեթոդը շատ օգտակար կլինի երկարատև ելույթների դեպքում բերանի խոռոչի չորությունից խուսափելու համար, ուստի կարելի է սերմերը դնել լեզվի տակ ելույթից 20-30 րոպե առաջ: