Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում են առաջարկում, ինչի մասին էլ զրուցել ենք «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիլիթ Արշակյանի հետ։

Նրա փոխանցմամբ` 7 տարի է` ուսումնասիրությունները կատարվում են, արդեն առաջարկվել է նախնական ախտորոշման կապերի վերաբերյալ հիպոթեզ։

«Լյարդի ցիռոզի ուսումնասիրությունները վաղուց են սկսվել, քանի որ լյարդը համարվում է մարդու օրգանիզմի լաբորատորիա։ Լյարդի առողջությունից է կախված մարդու ամբողջ օրգանիզմի առողջական վիճակը, ուստի թեման արդիական է։ Նույնիսկ տվյալներ են հրապարակվել, որ մինչև 2030 թվականը լյարդի հիվանդություններից, մասնավորապես, լյարդի ցիռոզից մահացության դեպքերն աճելու են», ասաց Լիլիթ Արշակյանը։

Անդրադառնալով անթառամի և կաթնափուշի խառնուրդին, որը ստեղծվել է իր կողմից` նա նշեց, որ այս համակցումը կարևոր է.

«Բացի այս երկու դեղաբույսը` իմ կողմից կա գրված հիպոթեզ, որ կիրառվեն այլ բույսերի համակցումներ։ Ինչ վերաբերում է անթառամին ու կաթնափուշին, ապա դրանք կիրառվել են անտիկ ժամանակներից` մարդկանց բուժելու նպատակով։ Դա շատ կարևոր էր ինձ համար, որ ճիշտ ուղու վրա եմ և անցյալի փորձը կարող եմ դեպի ապագա տանել»,- ընդգծեց Լիլիթ Արշակյանը։

Անդրադառնալով բնագիտական ոլորտում առկա թափուր հաստիքներին` մեր զրուցակիցն ասաց.

«Մասնագետներ չկան։ Բնագիտական ոլորտում ունենք լավ մասնագետների սով. մոտենում ենք նրան, որ ունենալու ենք այդ խնդիրը»։