Ունաբի սովորականը` Ziziphus jujuba, պատկանում է դժնիկազգիների ընտանիքին։ Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։

Բունը բարակ է` 4-10 սմ, ճյուղերն անկյունավոր բեկված են, մերկ։ Բեկվածքներում կան մեկական զույգ, ամուր, մինչև 3 սմ երկարությամբ սուր փշեր։ Տերևները հերթադիր են, ձվաձև, կաշվեկերպ, վերևից` մուգ կանաչավուն, փայլուն, մանր ատամնաեզր, կարճ կոթունով։

Ծաղիկներն աստղաձև են` 3-4 մմ տրամագծով, ծաղկաթերթերը 5-ն են, մանր, դեղնականաչավուն։ Ծաղկափթթությունները խիտ են, յուրաքանչյուրում կա 3-5 ծաղիկ, որոնք տեղադրված են տերևածոցերում։ Միակորիզ պտուղները` երկարավուն օվալաձև կամ գնդաձև են, ունեն կարմրամանուշակագույն երանգավորում։ Կախված տեսակից` ունաբի 1 պտղի զանգվածը կարող է տատանվել 5-6 գրամից` մինչև 20-30 գրամ։
Բույսի անվանումն ունի պարսկական ծագում` Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։

Հայտնի են ունաբի մոտ 400 ենթատեսակներ, որոնց պտուղները տարբերվում են արտաքին տեսքով, գույնի երանգավորումով, համով, քիմիական բաղադրությամբ։
Բույսը տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Այսրկովկասում։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց Ձորում, ստորին լեռնային գոտում` մինչև 1000 մ բարձրության վրա` չոր, քարքարոտ թեքություններում։ Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։

Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։
Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։ Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։

Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։ Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Ունաբին բարձր է գնահատվում` որպես հիպոտենզիվ` ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։

Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։
Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս` փոխվում է ընկալումը համի հանդեպ` մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։
Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։

Դեղատոմսեր
Եփուկ. 300 գ թարմ ունաբի պտուղը 20 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` անկախ սնվելուց։
Օգտակար է` սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում։ Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
Թուրմ. 1 ճ/գ ունաբի մանրացրած տերևները 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում։ Ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը։
Ոգեթուրմ. 100 գ ունաբի մանրացրած կորիզները 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, անջատեք կրակը, անմիջապես ավելացրեք 200 մլ 96 տոկոսանոց սպիրտ։ Թրմեք 8 ժամ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ` նևրասթենիայի, հիստերիայի, գլխապտույտի, տախիկարդիայի, անքնության դեպքում։
Քսուք. Աղացեք ունաբի թարմ տերևները, խառնեք ձիթապտղի յուղի հետ (1։5), 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, թրմեք 10 օր, քամեք։ Խորհուրդ է տրվում արտաքին օգտագործման համար աբցեսի, թարախապալարների դեպքում։
Հիպերտոնիկ հիվանդություն. Կերեք 100-ական գրամ ունաբի պտուղ, օրը 3 անգամ` սնվելուց 30 րոպե հետո։ Շարունակեք 3 ամիս։

Հիպոտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում ուտել օրը 50 գ ունաբի պտուղ` որպես տոնուսը բարձրացնող միջոց։
Զգուշացում։ Ունաբի կորիզներից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին։