Աղիները չվնասելու համար լավագույն տարբերակն է մանդարինն առանձին ուտել և չհամատեղել այլ ուտեստների հետ, ասում է սննդաբան Տատյանա Մեշչերյակովան։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում նա թվարկել է այն մթերքները, որոնց հետ ցիտրուսային մրգերն անհամատեղելի են։
Մեշչերյակովան կաթն անվանել է որպես մանդարինի հետ անհամատեղելի առաջին մթերք։ Նրա խոսքով՝ այդ համադրությունը կարող է գազեր առաջացնել։ Նա նաև խորհուրդ չի տվել որևէ տեսակի մսի հետ մանդարին ուտել, քանի որ նման համադրությունը կարող է աղիներում փտման պրոցեսներ առաջացնել։
Ավելի լավ է չհամատեղել մանդարինը և ալկոհոլային խմիչքները. ալկոհոլը մեծացնում է անոթային պատի թափանցելիությունը և կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
Մեշչերյակովան նշել է, որ մանդարին կարելի է ուտել օսլա չպարունակող բանջարեղենի, բույսերի և ֆերմենտացված կաթնամթերքի՝ կաթնաշոռի, պանրի կամ թթվասերի հետ միասին։
Ցիտրուսային մրգերի օպտիմալ ժամանակը, շարունակել է փորձագետը, առավոտն ու կեսօրն է։ Միևնույն ժամանակ, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան ցիտրուսային մրգերից, կարծում է Մեշչերյակովան, քանի որ դրանք կարող են հրահրել բորբոքային պրոցեսների սրացում։