Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տրանսպորտը կաթավածահար է եղել։ Բանն այն է; որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են որոշել անել՝ գիծ դուրս չգալով և մարդկանց չտեղափոխելով։ Արդյունքում՝ հարյուրավոր քաղաքացիներ մնացել են կանգառներում առանց տրանսպորտի։
Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով այս խնդրին, այսօր տեղեկացրեց, ու վարորդներն առանց որևէ ծանուցման են գործադւոլ հայտարարել, և առիթը, ինչպես հասկացանք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, իրենց ստացած աշխատավարձից դժգոհությունն է։
«Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, և այս գործընթացը շարունակական է լինելու»,- ասել են քաղաքապետարանից։
Փաստացի, վարորդները դժգոհում են, որ այլևս «լևի» փող չեն աշխատելու, քանզի առանց «լևի» եկամուտի կարծես թե կյանք չունեն։ Եւ սա այն դեպքում, երբ քաղաքապետարանից հայտնել են, որ վարորդների՝ մեկ ամսվա ընթացքում 15 օրվա համար վարձատրությունն առանց հարկերի (մաքուր աշխատավարձ) կազմում է
• MAN - 401,500 ՀՀ դրամ,
• Zhong Tong – 309 500 ՀՀ դրամ,
• Gazel City - 219,500 ՀՀ դրամ:
MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մի շարք վարորդների ազատել աշխատանքից՝ որպես պատիժ իրենց հայտարարած գործադուլի։ Հույս ունեն, որ դրանով կկարգավորեն խնդիրը, այսինքն՝ մի քանի հոգու, որ ազատեն․ մյուսներին դաս կլինի։
Քաղաքապետարանից այս հարցի առնչությամբ ասացին՝ իրենք կոնկրետ քայլերի են դիմելու, թե ինչ քայլերի՝ շուտով կհայտարարեն։
Վահե Մակարյան