Բառնաուլում ուսանող է ձերբակալվել զինկոմիսարիատը հրկիզելու փորձի ժամանակ, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
ԱԴԾ-ի տվյալներով՝ միջնակարգ մասնագիտացված ուսումնական հաստատության 18-ամյա ուսանողը, լինելով Ուկրաինայի հետ պատերազմի հակառակորդ, ցանկացել է կանխել զինվորականներին ռազմաճակատ ուղարկելը։ Նա ծրագրում էր հրկիզիչ խառնուրդով ինքնաշեն սարքի միջոցով հրկիզել զինկոմիսարիատը։

Ուսանողը չի կատարել իր մտադրվածը, քանի որ նրան ձերբակալել են զինկոմիսարիատի մոտ, հայտնում է ԱԴԾ-ն։ Ձերբակալության օպերատիվ տեսանյութը հրապարակել են տեղական Telegram ալիքները։

Ուսանողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության փորձ կատարելու հոդվածով։ Ենթադրվում է, որ ձերբակալվածը գործել է «ուկրաինական ահաբեկչական կազմակերպության» հրահանգով։