Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Արմեն Գ.-ն և 20-ամյա Շահեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով երթևեկությունը նշված վայրում կանգնել էր, քանի որ հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները կայանել էին։

Պարեկների ժամանումից հետո երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի պետը։