Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը մարդիկ սովորաբար մեղմում են ցավազրկող դեղորայքի միջոցով, սակայն մասնագետները հաճախ են շեշտում, որ ցավի պատճառը պարզելը շատ կարևոր է, քանի որ երբեմն այն նախազգուշացնում է շատ վտանգավոր խանգարումների մասին, որոնք անտեսելը կարող է ճակատագրական լինել։ Նման խնդիրներից խուսափելու համար հանրահայտ ռուս բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը նշել է գլխացավի այն տեսակները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին չի կարելի անուշադրության մատնել գլխացավը, որն ի հայտ է գալիս կամ ուժգնանում է հազի կամ մարմնի դիրքը փոխելու դեպքում։ Բանն այն է, որ այդ կերպ օրգանիզմը կարող է նախազգուշացնել հավանական ուռուցքի կամ գլխուղեղում անոթալայնանքի (անևրիզմ) մասին, ինչն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել։ Այս խանգարումը դրսևորվում է անոթի ախտաբանական արտացցմամբ, որի դեպքում բարձր է դրա պատռվածքի ու արյունազեղման հավանականությունը։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկին նաև ձեռքերի անսպասելի թմրածությամբ կամ շուրթերի ծայրերի իջեցմամբ ուղեկցվող գլխացավի դեպքում, որը կարող է հուշել կյանքի համար վտանգավոր նյարդաբանական խանգարումների մասին։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ ճիշտ բուժման ուշացումը կարող է ճակատագրական լինել։