Այսօր՝ փետրվարի 1-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ով արդեն հանձնարարականներ է տվել, որպեսզի կարճ ժամանակում «կասկադը» բերեն նախկին տեսքի։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Առաջին հերթին կարևորը մեզ հասած տեղեկություններով տուժած կան տուժածներ չկան, բայց եթե վարորդը «դժոխային» արագություն չբացեր, ապա այս «աջափսանդալ»-ը չէր լինի։ Էս տարածքը նախկինում հիշեցնում էր մինի աղբավայր ու երբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը իր թիմով սկսեց տարածքի բարեկարգումը, այստեղից մոտ 150 բեռնատար շինարարական ու կենցաղային աղբ հեռացրեցին ու ամիսներ շարունակ մարդիկ բարեկարգում էին և տեսնելով բարեկարգման արդյունքները, ողջ Աբովյանում ստեղծվեց լավ կարծիք, որ այն դարձավ մեր՝ աբովյանցիների կասկադը»։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կոտայքի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը, ով Նոր Հաճն քաղաքի բնակիչ 41-ամյա Արման Դանիելյանն է և վաղը նա նշելու է իր ծննդյան օրը։ Վարորդն էլ Նոր Հաճնում հայտնի «դզող փչող» է։