Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը uպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգեւորական, Բեքաայի շրջանի հոգեւոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։

«Արեւելքը» արաբական լրատվամիջոցներից տեղեկացել է, որ դեպքը, ըստ երեւույթին ավազակային հարձակում է, որը, ըստ նախնական տեղեկությունների, կատարել են հոգեւորականի տանն աշխատող ոչ տեղացի բանվորները, մանրամասները ճշտվում են։

Լիբանանի հայկական համայնքից հայտնում են, որ երեկ հոգեւորականը կեսօրից հետո անհասանելի էր դարձել, ոստիկանությունը փնտրելով՝ գտել է նրան սպանված, տունը կողոպտված, անհետացել է նաեւ հոգեւորականի մեքենան։

Հայր Անանիան ծնվել է Լիբանանում, սովորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքում։  Կրթական շրջանն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ավելի ուշ  ծառայության է կոչվել Իրանում։ Նա վերջին տարիներին հաստատվել էր ծննդավայր Լիբանանում, Լիբանանի թեմի փոխառաջնորդն էր, հոգեւոր ծառայություն էր իրականացնում նաեւ Այնճարի եւ Զահլեի շրջաններում։

Հիշեցնենք, որ մոտ տասը օր առաջ Լիբանանում կրկին հայ էր սպանվել՝ իր տանը սպանված էին գտել Վաչե Արսլանյանին։