«Եռաբլուր» զինվորական պանթեոնում չեն դադարում ծաղիկների գողությունները։ Օրերս որդի կորցրած ծնողներից մեկը հրապարակեց ևս մի տեսանյութ, որտեղ պատկառելի տարիքի կինը հավաքում է իր որդու տապանաքարին նոր տեղադրված ծաղկեփնջերը։ Ու չնայած հրապարակային դատապարտող խոսքերին ու ամոթանքներին, գերեզմաններից գողությունները չեն դադարում։ 

Սա այլ դեպք է։ Էլեն Պետրոսյանը MediaHub-ին փոխանցեց, որ օրերս նաև իր հորեղբոր գերեզմանից են գողություն կատարել։

«Առաջին դեպքը չէ, նախկինում խնկամանն են գողացել, հետո նկատել ենք, որ ծաղիկները տեղում չեն։ Դրանից հետո արհեստական, այսինքն երկարակյաց ծաղիկներ ենք տարել, հաջորդ այցին դա էլ չի եղել։ Հունվարի 28-ին՝ ԶՈՒ կազմավորման օրը գնացել ենք, այս անգամ նստարանն էին տարել»,- իր վրդովմունքը հայտնեց Էլենը։ 

«Եռաբլուր» պանթեոնից գողություն կատարելու վերաբերյալ ահազանգերը շատ են։ Սակայն, դրանով դեպքերը չեն նվազում։ Էլենին զարմացնում է միտքը, թե ինչպե՞ս կարելի է սրբավայրից գողություն կատարել։

«Մարդ ինչքան սրբապիղծ պետք է լինի, որ Եռաբլուրից գողություն անի։ Լավ, մինչև ե՞րբ։ Եթե տեսանյութեր չլինեին, կմտածեի, որ դրանք մարդիկ չեն անում։ Չեմ հասկանում, էդ տղաներն իրենց կյանքն են տվել, որ այսօր իրենց գերեզմանները պղծե՞ն»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան