Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե «Հրազդան» բժշկական կենտրոնի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է կրծքավանդակի հատվածում սուր կտրող, ծակող առարկայից ստացած հետքերով տղամարդու մարմին։
ՆԳՆ–ից MediaHub-ին մանրամասնեցին, որ Հրազդանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող անձին։
«Փետրվարի 8-ին ժամը 05։16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ: Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով»,– հայտնեցին ՆԳՆ–ից:
Ավելին, Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասացին ՆԳՆ-ից։
Մարիաննա Արամյան