Մեծի պահոց շրջանում արգելված է պսակի արարողությունը: Վերջին ժամանակներում շատ է խոսվում այդ մասին, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվում ո՛չ եկեղեցականների և ո՛չ ժողովրդի կողմից: Մեծ պահքի ընթացքում փակվում են եկեղեցու խորանների վարագույրները և դռները, և սպասավորներից ու պատարագողից բացի ուրիշ ոչ մի մարդ չի մնում ներսում: Եվ այսպես շարունակ՝ մինչև Ծաղկազարդի կիրակի օրը, երբ կատարվում է «Դռնբացեք»-ի արարողակարգը (Վարդան Այգեկցի): Բուն Բարեկենդանի օրվանից մինչև պահքի ավարտը և տարվա բոլոր կիրակի օրերին ոչ մի քահանա տգիտությամբ չպսակադրի որևէ մեկին, քանի որ պահքի օրերը սգի և տրտմության օրեր են և խորհուրդն են պարունակում ՏԻՐՈՋ չարչարանքների: Դրա համար արգելվում են հարսանյաց ուրախությունները և գինարբուքները` ինչպես պատվիրեցին մեզ մեր Սուրբ Հայրերը (Ներսես Շնորհալի): Չգիտես ինչու, այսօր մոռացության են մատնվել նրանց կողմից դրված կարգ ու կանոնները, որոնք միշտ հանդիսացել են ուղեցույց ամբողջ ազգին: Պատկերացրեք՝ ինչ է կատարվում, սգի և տրտմության օրեր և փակ վարագույրի առաջ առանց Աստծո երկյուղի երգում են «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի»: Պսակի արարողության ժամանակ քահանան պարտավոր է զույգերին խրատել, ինչպես ասում է մեր Սուրբ Հովհաննես Երզնկացի վարդապետը: «Քահանայք, եթե դուք անփույթ առնեք, կամ ամաչեք խրատել, ապա ով ասիցե ժողովրդյանն: Եվ հորդորի ասելով «Որդյակք իմ և հավատացյալք Քրիստոսի, ամուսնությունը վասն որդեծնության համար է և ոչ վասն հեշտասիրության և պատվիրի պահքի օրերին հեռու մնալ մարմնավոր մերձեցումից»:

Քանզի զույգերի ոչ ժամանակին մերձեցումից, եթե սաղմնավորվում է կինը, նրա պտղի հետ կլինեն և՛ հոգևոր, և՛ մարմնավոր արատներ: Նայեցեք մեր 4 կողմը: Սիրելի ժողովուրդ, ժամանակն է սթափվելու և դադարեցնելու պահոց օրերին պսակադրվելը: Ադամը և Եվան դրախտում գտնվում էին պահքի մեջ և նրանց կողմից պտղի անժամանակ ճաշակումը հանգեցրեց Կայենի լույս աշխարհ գալուն, որը դարձավ եղբայրասպան: Պտուղը, որ ճաշակեցին մեր նախնիները բարի էր, սակայն անժամանակ ճաշակելը դարձավ չարության պատճառ: Այնպես և այսօր պահքի օրերին ուտել և գործել այն, ինչ արգելված է, դժվար թե հանգեցնի բարի ավարտի: Ինչևէ, պսակը մեր Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որի օրհնությամբ կազմավորվում է ընտանիք` որդեծնության համար: Ըստ Պողոս առաքյալի՝ «Պատվական է ամուսնությունը և սուրբ է անկողինը» (եբրայ 13 : 4): Եվ այսպիսի բազում օրինակներ կարելի է բերել Սուրբ Գրքերից և խոսքս ավարտեմ ասելով` չմոռանանք երբեք, որ ՏԵՐԸ օրհնում է բոլորին իր գործերի համեմատ: Պահենք այն, ինչ պատվիրված է մեզ, որ երբեք առիթ չտանք մեղադրելու ինքներս մեզ կամ կողքիններիս, կամ պատճառաբանելով, թե չգիտեինք, կամ արհամարհանքով չլսենք ու քմծիծաղենք: Քանզի չարի պայմանն է կորստյան մատնել, մեկին հավատքով, մեկին անհավատությամբ, մեկին գիտենալով, մեկին չգիտենալով, կամա և ակամա, ծիծաղելով, զազրախոսելով և այլն: ԱՄԵՆՈՂՈՐՄ ՏԵՐ, ՈՂՈՐՄՅԱ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔԵԶ ԻՄՈՑ ԵՎ ՕՏԱՐԱՑ, ԾԱՆՈԹԻՑ ԵՎ ԱՆԾԱՆՈԹԻՑ, ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՎ ՄԵՌԵԼՈՑ, ՇՆՈՐՀԵԱ ԵՎ ԹՇՆԱՄԵԱՑ ԻՄՈՑ ԵՎ ԱՏԵԼԵԱՑ ԶԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՌ ԻՍ ՅԱՆՑԱՆԱՑ ԵՎ ԴԱՐՁՈ ԶՆՈՍԱ Ի ՉԱՐԵԱՑՆ, ԶՈՐ ՈՒՆԻՆ ՎԱՍՆ ԻՄ, ԶԻ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՔՈՒՄ ԱՐԺԱՆԻ ԵՂԻՑԻՆ ԵՎ ՈՂՈՐՄՅԱ ՔՈ ԱՐԱՐԱԾՈՑ ԵՎ ԻՆՁ ԲԱԶՄԱՄԵՂԻՍ:
