Article image
Սննդամթերքի մեջ այսուհետ ավելացնելու են միջատների փոշի

Եվրամիությունում ուժի մեջ է մտել կանոնակարգ, որը թույլ է տալիս սննդամթերքին ավելացնել ուլտրամանուշակագույն նյութով մշակված փոշի՝ պատրաստված խոշոր ալյուրաբզեզի թրթուրներից (Tenebrio molitor): Փաստաթուղթը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում։

Կանոնակարգը հաստատվել է հունվարին։ Այն ուժի մեջ կլինի հինգ տարի, որից հետո կարող է երկարաձգվել։

Ալյուրի թրթուրի փոշին կարող է օգտագործվել հացի և գլանափաթեթների, տորթերի, մակարոնեղենի, վերամշակված կարտոֆիլի, պանրի և պանրային արտադրանքի, մրգերի և բանջարեղենի կոմպոտների արտադրության մեջ: Արտադրողներից կպահանջվի նշել բաղադրության մեջ փոշու առկայությունը:

«Սպառողներն իրենք են որոշում՝ ուզում են միջատներ ուտել, թե ոչ։ Միջատների օգտագործումը՝ որպես սպիտակուցի այլընտրանքային աղբյուր, նորություն չէ, և միջատներով կանոնավոր կերպով սնվում են աշխարհի շատ երկրներում»,- ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։