MediaHub-ին կրկին դիմել են անհանգստացած ծնողները: Նրանք նշում են, որ վիրուսները տարածվում են ամբողջ դպրոցով մեկ, երեխաները մեկը մյուսին վարակում են, իրենք էլ վախենում են երեխաներին ուղարկել դպրոց։ Նրանք նշում են, որ վարակներն այնքան ուժեղ են, որ կարող է շաբաթներով մնալ օրգանիզմում, հետևանքներն էլ՝ հազ, ջերմություն, սրտխառնոց։
«Ինչպե՞ս ուղարկես երեխային դպրոց, աշակերտները հիվանդ են գալիս, մեկը մյուսին վարակում են, շաբաթներով չենք կարողանում բուժել երեխաներին, շատ վտանագավոր վիրուսներ են, իսկ այս եղանակին երեխաներն էլ ավելի են մրսում»,– նշեց մեզ ահազանգած ծնողներից մեկը։
Ըստ նրա՝ ճիշտ կլիներ փակել որոշակի ժամանակով դպրոցները, դասապրոցեսը իրականացվեր հեռավար, որպեսզի երեխաները լիովին առողջանային և իրար չվարակեին։
Արդյո՞ք դպրոցները կփակվեն վարակների տարածումը կանխելու նպատակով. MediaHub-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ: Այս պահին պատասխանը մեկն է՝ դպրոցները չեն փակվելու.
«Դպրոցները փակելու համար հատուկ կարգավորում է մշակված, որով պետք է տվյալ դասարանի բացակաները՝ ՍՇՎ–ով պայմանավորված բացակաների 25%-ը գերազանցեն, այդ դեպքում այդ դասարանը, այնուհետև դպրոցը կարող են կարգավորվել՝ անցնել հեռավար ուսուցման»,– նշեցին նախարարությունից։
Ինչ վերաբերում է վիրուսների տարածվածության վիճակագրությանը, ապա նշեցին, որ 2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում: ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։
Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
«2025թ․ փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2․0%, իսկ բացակաների թվից կազմել է 23․2%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28․9%: Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով»,– նշեցին նախարարությունից: