Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ փետրվարի 22-23-ը Բաքվի շրջաններից մեկում տեխնիկական սպիրտից թունավորվել և մահացել է 15 մարդ։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի (Անզգուշություն, որը հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան) հատկանիշներով։
ԶԼՄ-ները գրում են նաև, որ ալկոհոլից թունավորվածների մարմիններն արդեն հետազոտվել են, և պարզվել է, որ այդ անձինք օգտագործել են 75 և 95 տոկոս չափաբաժնով ալկոհոլ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև սննդի մնացորդներ, ինչը վկայում է այն մասին, որ թունավորվածները խնջույքի են մասնակցել։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։