Երեկ MediaHub-ը գրել էր, որ վարակներով պայմանավորված՝ դպրոցներում բացակաների թիվը բավականին մեծ է, ծնողներն ահազանգում են, որ երեխաները մեկը մյուսին վարակում են, իրենք վախենում են երեխաներին ուղարկել դպրոց։ Ծնողները ցանկանում են, որ դպրոցները փակվեն, վիրուսները անցնեն, որ երեխաները շաբաթներով հիվանդ չմնան, սակայն, ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ դպրոցները չեն փակվելու։
Ի՞նչ իրավիճակ է երևանյան մանկապարտազներում, արդյո՞ք վիրուսներով պայմանավորված մանկապարտեզներում բացակայող երեխաների թիվը մեծ է. MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին:
Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից նշեցին, որ բացակաների թիվը նորմայի մեջ է. «Երևանի մսուր-մանկապարտեզներում սաների բացակայությունների ցուցանիշները` այդ թվում հիվանդացության պատճառով կազմում են 20–25%, որը համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ»:
ԱՆ-ից հայտնում են, որ 2025թ․ փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2․0%, իսկ բացակաների թիվը կազմել է 23․2%: 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28․9%: Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով։
Նշենք, որ չնայած կառույցները վստահեցնում են, որ բացակաները թե՛ դպրոցներում, թե՛ մանկապարտեզներում շատ չեն, մեզ ահազանգած քաղաքացիները փաստում են լրիվ այլ բան։
«Դասարաններում աշակերտների 25%–ը հիվանդ է, որոնցից շատերը գալիս են դասի և վարակում այլ երեխաներին, իսկ բացակաների մասով՝ շատ չեն կարող բացակայել, անգամ եթե հիվանդ ես և բժշկից թուղթ ես բերում, հնարավոր է, որ հաջորդ դասարան չտեղափոխեն։ Մանկապարտեզներում շատերն են վիրուսով վարակված երեխաներին ուղարկում մանկապարտեզ, քանի որ չեն կարող տանը թողնել և երեխաները մեկը մյուսին վարակում են: Պետք է ինչ–որ ձև դեմն առնել այս վիրուսների տարածմանը»,– նշեց մեզ ահազանգած ծնողը։
Հավելենք, որ Առողջապահության նախարարությունը նշում է, որ 2025 թվականի 8-րդ շաբաթվա (17.02-23.02.2025թ) ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում։
Մարիաննա Արամյան