– Գեղեցիկ, բնական ատամների գրավականներից մեկն էլ իմպլանտն է։
– Տեսականորեն կարելի է ամբողջ ատամնաշարն իմպլանտ տեղադրել, բայց գործանականորեն շատ հանգամանքներ պետք է հաշվի առնել և մինիմալի իջեցնել։ Ենթադրենք՝ լրիվ անատամ ծնոտ է, եթե հետազոտությունները ճիշտ արվեն, ապա 4-6 իմպլանտով կարող է լիարժեք ծամել, սակայն նախկինում կարող էին ասել, որ 8-ից պակաս պետք է չլինի։ 10-20 տարի առաջվա իմպլանտն ու շապիկավորման համակարգը հիմա լրիվ տարբեր է։
– Հնարավո՞ր է՝ իմպլանտները ոսկրային խնդիրներ առաջացնեն։
– Կրկին գալիս է ախտորոշումը։ Եթե մեկը եկավ, առանց հետազոտություն անելու նայեմ՝ բացակա ատամ ունի, ու ասեմ՝ այո, կարելի է իմպլանտ դնել, այս դեպքում կարող է վնաս հասցվել ոսկորին, որովհետև գուցե կողքն անատոմիական արմատ կա կամ նյարդ, հայմորյան խոռոչ։
Պետք է չմոռանալ և անպայման բուժառուին հարցնել առողջական վիճակի մասին։ Արդյո՞ք վիտամին D-ի, կալցիումի պակաս ունի կամ վահանաձև գեղձի խնդիր։ Այս ամենն ազդում է ոսկորի վրա և նախապես չիմանալու դեպքում, իմպլանտները տեղադրելուց հետո, երբ խնդիրներ լինեն՝ պետք է մեղադրենք իմպլանտին, ոչ թե իմպլանտը տեղադրողին։ Պատահել է, որ մարդուն ուղակել եմ արյան անալիզ հանձնելու, և վիտամին D-ն անբավարար է եղել։ Այս դեպքում ավելի լավ է բուժառուին ասել, որ ավելի լուրջ խնդիր ունի, քան իմպլանտն է։
– Ստացվում է, կան հիվանդություններ, որոնց դեպքում իմպլանտ չե՞ն տեղադրում։
– Շատ կան։ Առաջին հերթին պետք է բուժվեն այդ հիվանդությունները, հետո նոր իմպլանտ տեղադրվի։ Ատամնաշարի և մկանային համակարգի խնդիրների դեպքում ևս պետք է բուժառուին բացատրել, որ եթե իմպլանտ տեղադրի, ապա այս ամենից պետք է ձերբազատվի։ Մեզ մոտ դեռ չկա այդ մոտեցումը, որ ծխողին արգելեն իմպլանտ դնել, սակայն ԱՄՆ-ում, Եվրոպայում կարծեմ մարդիկ թուղթ են ստորագրում, որ տեղյակ են՝ ծխելը կարող է վնասել իմպլանտին։
– Հակացուցումների մեջ նաև շաքարային դիաբե՞տն է։
– Այո։ Եթե մարդը հետևում է իր առողջությանը, բժշկի ցուցումներին՝ նորմալ է, սակայն, եթե ամեն օր արյան մեջ շաքարի պարունակության թիվը տարբեր է, վտանգավոր բուժառու է համարվում, պետք է կարգավորի։ Երբեմն բժշկից պաշտոնապես թուղթ ենք ուզում, որ սիրտ-անոթային խնդիր կամ շաքարային դիաբետ ունեցող մարդը հսկողության ներքո է, որ ավելի վստահ լինենք։
– Որքա՞ն ժամանակ է պահանջվում, որ իմպլանտը դառնա ատամ։
– Ներքևի ծնոտի դեպքում սովորաբար 3-4 ամիս են սպասում, իսկ վերևի ծնոտի դեպքում՝ 4-6 ամիս։
– Եթե մարդն ունի բացակա ատամ և չի ուզում իմպլանտ, ի՞նչ է առաջարկվում։
– Նախ պետք է հասկանանք, թե մարդն ինչո՞ւ է վախենում։ Բայց կան այլ տարբերակներ, օրինակ, պրոթեզավորման շարժական տարբերակը, կամուրջները և այլն։
– Պրոթեզ ունեցող մարդիկ կարո՞ղ են տեղ-տեղ իմպլանտ տեղադրել։
– Այո։ Եթե եկավ բուժառու, ով, ենթադրենք, 85 տարեկան է, չի կարողանում ծամել, մենք իրեն չենք առաջարկում այնպիսի լուծում, որ պետք է 6-8 իմպլանտ տեղադրենք։ 2 իմպլանտի դեպքում մի քանի տարի կարող է կիսաշարժական պրոթեզ ունենալ։ Երիտասարդ տարիքի դեպքում կարելի է առաջարկել ավելի բարդ լուծում՝ 4 իմպլանտ։
– Իմպլանտի դեպքում ուժգին ցավեր հնարավո՞ր են։
– Վիրահատության ժամանակ կամ տեղադրելու պահին՝ ցավը բնական է։ Լնդային վիրահատության դեպքում, որպեսզի կարողանանք իմպլանտ տեղադրել, մի քիչ ագրեսիվ ձևով է լինում և առաջիկա 2-3 օրերի ընթացքում սպասվում են ցավեր, այտուց։ Սովորաբար մեկ շաբաթից ցավերն անցնում են, բայց եթե կրկնվում են, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ են, որոնք վիրահատության հետ կապ չունեն։ Կամ բորբոքումներ են առաջանում, կամ փափուկ հյուսվածքների, նյարդի վնասվածք է եղել միջամտության ժամանակ։
– Կարո՞ղ է օրգանիզմը չընդունել։
– Այո, քանի որ իմպլանտների հաջողությունը 98-99 տոկոս է, ոչ 100։ Բարեբախտաբար, օրգանիզմի չընդունելու ֆակտորը բավականին քչացել է։ Իմպլանտների վրայի մշակման մակերեսն ահագին զարգացել է, իսկ հիվանդությունները, որ ունեն, սկսեցին հսկել, ու բոլորը գումարելով՝ իմպլանտի հաջողության տոկոսը բարձր է։ Սակայն, եթե որևէ պատճառով մարդու իմունիտետը թուլանում է, կարող է ազդել, օրինակ, լյարդի, ատամների, ինչպես նաև օտար մարմինների վրա, ասենք՝ իմպլանտի։
– Որքա՞ն ժամանակ է իմպլանտը դիմանում մարդուն կամ մարդը՝ իմպլանտին։
– Կախված է նրանից, թե իմպլանտի տեղադրման պահին ի՞նչ ոսկոր ենք ունեցել, իմպլանտն ի՞նչ լայնքով է դրված, դրան գումարած՝ շապիկը։ Այս ամենն է որոշում իմպլանտի կյանքը։ Կարող է բորբոքում առաջանա իմպլանտի շուրջ, եթե բուժառուն ատամը չի խնամել, շապիկավորումը ճիշտ չի արվել կամ իմպլանտ անելու պահին ոսկորի բավարարությունը նկատի առնված չէ։ Արդյունքում, 2-3 տարի հետո կարող են կորցնել իմպլանտը։ Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է պլանավորված, մարդը տարին 2-3 անգամ ստուգման է գնում, սա արդեն նպաստում է, որ իմպլանտը տասնյակ տարի ծառայի։