Վերջին շրջանում Հայաստանում պլաստիկ վիրահատությունների արդյունքում մահվան դեպքերի թիվը հանրության մոտ սարսափ է առաջացնում: Մի քանի նման դեպք արձանագրվեց նախորդ տարի` «Արթկոսմետ» էսթետիկ բժշկության կենտրոնում, իսկ երեկ տեղեկացանք, որ հերթական մահվան դեպքն է արձանագրվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնում:
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն էր ահազանգել, որ փետրվարի 18-ին երիտասարդ կինը` Մ. Մարտիրոսյանը դիմել է «Ուիգմոր»՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում, սակայն մեկ օր անց մահացել է:
Առողջապահության փորձագետը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Երիտասարդ կին է մահացել, մինչև 55 տարեկան, սովորական պլանային պլաստիկ վիրահատության է դիմել «Ուիգմոր» բժշկական կենտրոնում, սակայն երկրորդ օրվանից հետո վիճակը կտրուկ վատացել է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Կինը դիմել էր աբդոմինոպլաստիկայի` որովայնի պլաստիկ վիրահատություն: Թե ինչու է մահացել, դեռևս չկա հստակ ախտորոշում, ես կարող եմ վարկածներ թվարկել, սակայն դա ոչ պրոֆեսիոնալ չի լինի: Հուսանք՝ դատական բժշկի նախնական և վերջնական եզրակացությունները առաջիկայում կուսումնասիրենք և կհասկանանք, թե պատճառը որն է», — ասաց Պողոսյանը:
Մենք նաև փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Ուիգմոր» բժշկական կենտրոնից: Աշխատակիցը նշեց, որ ավելի ուշ կապ կհաստատեն մեզ հետ, սակայն այդպես էլ կապի դուրս չեկան: Քննչական կոմիտեից «Հրապարակի» հետ զրույցում հաստատեցին դեպքը, նշելով, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի, 2-րդ մասի, 1-ին կետի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ: