Ավանդաբար՝ տոներին ընդառաջ դպրոցներում, մանկապարտեզներում անցկացվում են դրամահավաքներ՝ ուսուցչական կոլեկտիվին նվերներ գնելու նպատակով:

MediaHub-ը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանից բոլոր դպրոցներ նամակներ են ուղարկվել՝ հորդորելով դրամահավաքներ չիրականացնել, մասնավորապես, «Մարտի 8»-ի՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ։ Նամակը ստանալուն պես տնօրենները ուսուցիչներին, դասղեկներին խիստ զգուշացրել են՝ ո՛չ մի դրամահավաք։

Սակայն, MediaHub-ին հայտնի դարձավ, որ դպրոցներում միևնույն է դրամահավաք իրականացվում է՝ թե՛ ծնողկոմիտեների, թե՛ ուսուցիչների կողմից։

«Իհարկե, մեծ գումար չի, 1000-3000 դրամ են հավաքում, սակայն, մեկ է հավաքում են գումար՝ «Մարտի 8»–ի կապակցությամբ։ Ուզում են նվեր անել դասղեկներին, ուսուցիչներին։ Սակայն, նվեր անելով, փաստացի, դասատուին վատություն ենք անում, բոլորը վախեցած են, ասում են՝ անգամ աշխատանքից զրկվելուն կարող է հասնել, եթե ուսուցիչը ծաղիկներ ընդունի աշակերտներից ու ծնողներից»,– նշեց մեզ ահազանգած ծնողներից մեկը։

MediaHub-ի հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ պատիժ է հասնում դրամահավաք իրականացնելու համար, չէ որ տարեց տարի զգուշացվում է դրամահավաք չիրականացնելու մասին, սակայն, դպրոցներում այս գործընթացը պարբերաբար իրականացվում է, արդյո՞ք ինչ–որ պատիժ կա, ի վերջո՝ ինչի՞ց պետք է վախենան ուսուցիչները, որ դրամահավաք չկազմակերպեն, ԿԳՄՍՆ-ից պատասխանեցին։

«Դպրոցներին խստորեն հրահանգվել է չկազմակերպել որևէ պարտադրված դրամահավաք։ Ահազանգերի դեպքում դպրոցներից պահանջվում են պարզաբանումներ, ինչը կարող է համապատասխան հետևանքներ ունենալ տնօրենների համար»,– նշեցին ԿԳՄՍՆ–ից։

Մարիաննա Արամյան