Այսօր՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, հրշեջները մարել են կրակն ու այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի փաստով էլ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: