Article image
Լայնացնում է անոթները, իջեցնում զարկերակային արյան ճնշումը

Սամիթն օգտագործվում է բժշկության մեջ։ Բավական է նշել, որ այն հարուստ է C վիտամինով (150 մգ %)։ Հինգ գրամ սամիթ ուտելով՝ ապահովվում է օրգանիզմի C վիտամինի պահանջի տասը տոկոսը։ Պիտանի են նրա թե՛ տերեւները եւ թե՛ սերմերը։

Փորձերը ցույց են տվել, որ սամիթը իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, լայնացնում է անոթները, արագացնում սրտի աշխատանքը եւ ուժեղացնում է միզարտադրությունը։ Գտնում են, որ այն օգտակար է նաեւ մարսողության խանգարման, անքնության, բրոնխիալ ասթմայի բուժման համար։ Սամիթի բուժիչ հատկությունը բացատրվում է նրա մեջ եթերային յուղի, մեծ քանակությամբ վիտամին C-ի, պրովիտամին A֊ի եւ այլ նյութերի առկայությամբ։ Յուղերով ավելի հարուստ են սերմերը` մոտավորապես 20%։ Սամիթի ջուրը մեծ կիրառություն ունի մանկական պրակտիկայում՝ որպես աղիներից գազերի հեռացմանը նպաստող միջոց։

Այդ պատճառով էլ դեղատներում միշտ պատրաստի վիճակում վաճառվում է սամիթի ջուր։ Այն ունի նաեւ խորխաբեր հատկություն։ Կարծիք կա, որ այն կերակրող մայրերի մոտ ուժեղացնում է կաթնարտադրության պրոցեսները։

Սամիթն անվնաս ու օգտակար բույս է եւ կարելի է օգտագործել հետեւյալ ձեւով. վերցնել մեկ ճաշի գդալ սերմ, լցնել մեկ բաժակ եռացող ջրի մեջ, 5-10 րոպե դնել թույլ կրակի վրա, քամել եւ օգտագործել սառը վիճակում` շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ` օրական 4-5 անգամ մեկական ճաշի գդալ, իսկ աղիքներում գազերի կուտակման ժամանակ` երկու անգամ՝ ուտելուց առաջ։ Մեծահասակները կարող են ընդունել նաեւ հետեւյալ ձեւով՝ 1 գրամ սամիթի սերմը լավ ծեծել, մանրացնել եւ օրական 2-3 անգամ ջրով խմել։

Սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ, քանի որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա: Ձմեռվա համար սամիթ կարելի է պահել հետեւյալ ձեւով` կանաչ սամիթը պետք է լավ լվանալ, ցամաքեցնել, խիտ դասավորել ապակե բանկայի մեջ եւ վրան աղ ցանել։

Մեկ֊երկու օրից այն թառամում է եւ ծավալով քչանում։ Նրա վրա դարձյալ նույն ձեւով կարելի է շարել սամիթ եւ այսպես շարունակ, մինչեւ ամանը կլցվի: Վերջում նորից աղ ցանել եւ ամանի բերանը կապել մոմած թղթով կամ փակել կափարիչով։ Կարելի է նաեւ մանր կտրատել, մեկ կիլոգրամին խառնել 200 գրամ աղ եւ պատրաստել նույն ձեւով։

Ճիշտ այսպես կարելի է պատրաստել նաեւ մաղադանոսը։ Սամիթը կարելի է պահել նաեւ չորացրած վիճակում, սակայն չորացումը պետք է կատարել ոչ թե արեւի տակ, այլ ստվերում։ Սամիթը որպես համեմունք օգտագործում են նաեւ այս կամ այն բանջարեղենը թթու դնելիս։