Մարտի 8-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է մարտի 9-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 00։30-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, «ZIL» մակնիշի բեռնատարի շարժիչի և սրահի հատվածը՝ մասամբ։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկի դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, հոսանքազրկել «ZIL» մակնիշի բեռնատարը և փակել գազի բալոնի փականը։
Ըստ shamshyan.com-ի՝ պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է: