Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցերից մեկով ֆինանսաների նախարար Վահե Հովհաննիսյանն առաջարկում է չեղարկել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Ընդ որում, հարցն ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում, այսինքն՝ առանց զեկուցելու այն միանգամից ընդունվելու է։

«Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում»,- ասված է նախագծում։ 

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց: 

Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը: