Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում պլաստիկ միջամտությունների արդյունքում առաջացած բարդությունների մասին: Վերջին ամիսներին անգամ երեք մահվան դեպք արձանագրվեց. երկուսը` «Արթկոսմետում», մեկը` «Ուիգմոր» կլինիկայում: Առողջապահության ոլորտին ծանոթ անձինք այս ամենը բացատրում են պլաստիկ վիրահատությունների պահանջարկի մեծացմամբ, վերահսկողության բացակայությամբ, բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմով, կլինիկաներում վերակենդանացման բաժանմունքների  բացակայությամբ:

«Հրապարակի» խմբագրություն է դիմել քաղաքացի Ալինա Ադիլխանյանը և պատմում է. «Ենթարկվել եմ երեք պլաստիկ վիրահատության, որոնցից երկուսը վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) են եղել՝ առաջին անհաջող միջամտության հետևանքով։ Վիրահատություններից հետո ես բախվել եմ լուրջ առողջական խնդիրների, որոնց պատճառները պարզելու համար դիմել եմ ՀՀ Քննչական կոմիտե։ Իմ բողոքի հիման վրա կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն այն եղել է թերի. քննիչը պատշաճ քննություն չի անցկացրել իմ ներկայացրած փաստերի ուղղությամբ, իսկ դատաբժիշկն ու փորձագետներն աչք են փակել բազմաթիվ կարևոր հանգամանքների վրա՝ տալով ոչ լիարժեք եզրակացություն։ Ներկայումս նշանակված է երկրորդ փորձաքննությունը, սակայն քննիչը կրկին չի կատարում մանրամասն քննություն, իսկ հսկող դատախազը չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ։ Ամբողջ համակարգը, կարծես, փորձում է կոծկել այս գործը՝ թույլ չտալով, որ արդարությունը վերականգնվի։ Բացի իմ անձնական խնդրից, ես նաև տվյալներ ու հիմնավոր կասկածներ ունեմ, որ ինձ վիրահատող բժիշկները մշակում են այլ բուժառուներից վերցրած աճառներ (աճառային հյուսվածք, որը բազմաթիվ օրգանների մաս է կազմում` Հ.Գ.)։ Ես գրեթե վստահ եմ, որ իմ քթում ևս օտար մարդու աճառներ են տեղադրված` առանց իմ համաձայնության։ Առկա են իմ խոսքերը փաստող բոլոր ապացույցները։ Հասարակությունը պետք է տեղյակ լինի այս անօրինական գործողությունների մասին»: 

- Որտե՞ղ եք կատարել վիրահատական միջամտությունները: Կնշե՞ք բժշկական հաստատությունների և բժիշկների անունները:

- 3 վիրահատության եմ ենթարկվել, առաջինը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում` Արթուր Հարությունյանի մոտ: Դրանից երեք-չորս տարի անց ինձ մոտ խնդիրներ են առաջացել: Ինը տարի անց վերջապես դիմել եմ «Շենգավիթ» ԲԿ` Արթուր Պողոսյանին: Նա խոստացավ շտկել խնդիրները` վատ շնչառությունը, որի հետևանքով գլխացավեր ունեմ մինչ օրս: Նա ասաց, որ կողաճառը կտեղադրի քթիս մեջ, որպեսզի պատերը լինեն ամուր, և նորմալ շնչեմ, առանց բարդությունների: Վիրահատությունը տևեց շուրջ յոթ ժամ: Ինձանից ոչ մի կողաճառ չվերցրին: Հետվիրահատական շրջանում արդեն յոթերորդ օրը գնացի բուժհաստատություն: Տեղային անզգայացմամբ ինչ-որ բան կտրեցին հանեցին իմ քթանցքից և ինձ ցույց չտվեցին: Լսեցի միայն, որ աշխատակիցներից մեկին բժիշկն ասաց. «Արի տես ինչ եմ հանել քթից»: Դրանից հետո նոր տամպոններ դրեցին քթիս մեջ և ինձ ճանապարհեցին տուն: Դրանից անցավ երկու ամիս, քթանցքներս նորից սկսեցին փակվել, խնդիրը նույնն էր մնացել: Քանի որ խնդիրը լուծում չէր ստացել, մեկ տարի անց ինձ ասացին` նորից արի վիրահատության` երրորդ անգամ, վիրահատությունը գրեցին բժիշկ Նարեկ Հարությունյանի անունով, ես կրկին գումարներ վճարեցի, ինձ վիրահատեցին, վիրահատությանը նաև մասնակցեց բժիշկ Արթուր Պողոսյանը: Որոշ ժամանակ անց խնդիրներս շարունակվեցին նույնը մնալ, յոթ-ութ օր անց քթի բորբոքում առաջացավ, արտաքին սպի, անգամ ինձ չէին էլ տեղեկացրել, որ սպի կա, ես եմ տանը հայելու առաջ հայտնաբերել այն: Մեկ-երկու օր անց դիմեցի այլ ԲԿ-ների, ինձ ասացին, որ խնդիրներ են առաջացել, նշեցին, որ ոչ մի կերպ թույլ չտամ այլևս քթիս դիպչեն: Ես կասկածներ ունեմ, որ իմ քթի մեջ այլ մարդու կողաճառներ են տեղադրել: Գործի շրջանակներում դեռևս ապացուցման փուլում ենք գտնվում: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ իմ աճառը չեն վերցրել, պրակտիկայում այդպես է, հիվանդից պետք է պարտադիր վերցնեն աճառ, օտար աճառը քիթը մերժում է: Պնդում էին, որ իմ միջնապատից են աճառ վերցրել, սակայն ես գնացի հետազոտության և պարզվեց, որ միջնապատն ամբողջական է, ոչ մի աճառ էլ չեն վերցրել: Շատ դժգոհ եմ իրավապահներից: Քննչական կոմիտեն 10-օրյա ժամկետում դատաբժշկական փորձաքննություն նշանակեց, առանց առերեսումների, անգամ բժիշկներին չեն հարցաքննել: Քննիչը փաստացի չէր աշխատում, անգամ դատախազին եմ այցելել:

- Այժմ ի՞նչ պահանջ ունեք:

- Իմ պահանջն այն է, որ քննիչը աշխատի: Իմ փաստաթղթերն անգամ չեն առգրավում, դեռևս գտնվում եմ «Շենգավիթ» ԲԿ-ում: Այսինքն` բոլորը փորձում են կոծկել այս ամենը:

- Փոխհատուցո՞ւմ եք պահանջում բժիշկներից:

- Դեռ այդ փուլին չեմ հասել, այս պահի դրությամբ` պահանջում եմ բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել: Ես այսօր առաջացած խնդիրների պատճառով չեմ կարողանում շնչել, պարբերաբար գլխացավեր եմ ունենում, երկրորդ աշխատանքս ստիպված թողեցի: