Երեկ MediaHub-ը գրել էր, որ Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչները բողոքում են՝ էլեկտրաէներգիայի վարձավճարներն արդեն մի քանի ամիս կրկնակի ավել է գալիս, բացի էլեկտրաէներգիայից, նույն վիճակը նաև ջրի և գազի վճարների հետ է։
Մասնավորապես, MediaHub–ի հետ զրույցում Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի բնակիչ Ռիմա Հայրապետյանն ահազանգել էր, թե էլեկտրաէներգիայի դիմաց արդեն չորրորդ ամիսը վճարը կրկնակի է գալիս, թեև նախկինում, նույն ձև ապրելով ու նույն կենցաղը վարելով, նա վճարում էր 5000-6000 դրամ, այժմ 13.000 դրամ է վճարում։ ՀԷՑ-ից տիկին Ռիմայի դիմում-բողոքին ի պատասխան ուղարկված պաշտոնական պատասխանում գրված է՝ «համաձայն եզրակացության՝ հաշվիչն աշխատում է ճշտության դասում, սակայն հաշվիչի ցուցատախտակի վրա առկա տվյալները չեն համապատասխանում համակարգչային բազա մուտքագրված տվյալներին»:
Ի վերջո, փաստաթղթում նշվում է, որ կկատարվի էլ․էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ, որը կմուտքագրվի Հայրապետյանի հաշվառման քարտին։ Սակայն Հայրապետյանը հայտնել էր MediaHub–ին, թե՝ փոխանակ հաշվարկեն և իրենց սխալը գտնեն, նշում են, որ մի հատ էլ ինքն է 3000 դրամ պարտք։
MediaHub–ին ՀԷՑ–ից հայտնեցին. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդ Ռիմա Հայրապետյանի կողմից բարձրացված բողոքի վերաբերյալ հարկ են համարում նշել հետևյալը.
«Բաժանորդի հաշվիչի տվյալները գրանցելիս տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, մասնավորապես՝ բաժանորդի վճարման վերաբերյալ տեղեկատվության մեջ որոշակի ժամանակահատվածի համար 69 կվտ*ժ էլեկտրաէներգիայի չափով պակաս ծախս է ֆիքսվել: Այնուհետև այդ տարբերությունը երևացել է սմարթ հաշվիչների կառավարման համակարգում հաշվիչների ցուցմունքների ընթերցման ժամանակ: (Հաշվիչի տվյալների շեղումն առաջացել է դեռևս հաշվիչի տեղադրման ժամանակից, որից հետո տեսուչի կողմից գրանցվել է բացառապես հաշվիչի լուսատախտատկի վրա ֆիքսված ծախսը՝ սակագնային գոտիներով): 01.03.2025 թ. հաշվետվությամբ բաժանորդին են ներկայացվել հաշվիչի ճշգրիտ ցուցմունքները՝ վճարման»:
Ըստ ՀԷՑ-ի` քանի որ սխալը Ընկերության պատասխանատվության դաշտում էր, Ընկերությունը որոշում է ընդունել վերահաշվարկ կատարել և բաժանորդից այդ վճարման ենթակա 69 կվտ*ժ էլեկտրաէներգիայի դիմաց ծախսը չգանձել:
«Այսպիսով, մարտի 1-ի դրությամբ սմարթ հաշվիչների համակարգի կողմից արձանագրված ցուցմունքներն ընդամենը վերականգնել են հաշվիչի տեղադրման ամսին բաժանորդին պակաս ներկայացված ծախսը: Ներկայումս հաշվիչի ցուցմունքների ֆիքսման հետ կապված որևէ շեղում չկա»,– հավելեցին ՀԷՑ–ից:
Մարիաննա Արամյան