Փոքրիկ Տիգրանին, 13 օրից ավելի է, չեն կարողանում գտնել, և այս պահի դրությամբ ո՛չ նորություն կա, ո՛չ ռեալ վարկած, թե ի՞նչ է կատարվել փոքրիկի հետ։

MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ մայիսի 17-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ 

Որոնողական աշխատանքները, հիմնականում, դադարեցվում են 10 օր հետո։ Արդյո՞ք ՆԳՆ կդադարեցնի որոնումները։
«Ո՛չ, որոնողական աշխատանքները շարունակվում են, չնայած, որ 10 օրից ավել է անցել»,– MediaHub–ին ասացին ՆԳՆ–ից։

Նշենք, որ MediaHub–ը հետաքրքրվել էր ՆԳ նախարարի խոսնակից, թե արդյո՞ք նոր մեթոդներ չեն պատրաստվում կիրառել երեխային գտնելու համար, ինչին ի պատասխան Սարգսյանը նշել էր, որ, օրինակ, մանեկեն են գցել գետը․ «Այդպիսի փորձարկումներ էլ են եղել»։

Որտե՞ղ է փոքրիկ Տիգրանը․ ի՞նչ է կատարվում Մարմարիկ գյուղում

Ըստ Սարգսյանի՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։

MediaHub–ն առաջին իսկ օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։

Մարիաննա Արամյան