Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Քննարկումների կենտրոնում հայտնված հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Համալիրում կազմակերպվել է «Վիվառո»-ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի հարսանիքը։ Քննարկվում էր հարցը՝ արդյո՞ք կարելի է Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող և մարզամշակութային միջոցառումների համար նախատեսված համալիրում մասնավոր խնջույք կազմակերպել։
100 տոկոսով պետությանը պատկանող համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, քննադատություններին ի պատասխան, ասում է՝ համալիրում, մինչև Բադալյանների հարսանիքը, ավելի վաղ ևս մի քանի հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Ըստ նրա՝ համալիրի տարածքում ռեստորան կա, որտեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում։ Սակայն Factor TV-ի հստակեցնող հարցից պարզ դարձավ, որ Բադալյանների միջոցառումը չի անցկացվել տարածքում գործող ռեստորանում։
«Դահլիճներից մեկը ձևափոխվել, սարքվել էր սրահ, որտեղ կարելի էր անցկացնել մեծ միջոցառում, որի անունը հարսանիք էր»,- ասաց տնօրենը։ Թե որ դահլիճում է տեղի ունեցել Բադալյանների ընտանեկան միջոցառումը, Factor TV-ին տնօրենը չասաց, նաև թույլ չտվեց նկարահանում իրականացնել, բայց հավաստիացրեց՝ ավարտից կարճ ժամանակ անց սրահը վերադարձվել է նախկին տեսքին ու համերգ է կազմակերպվել։
Իսկ թա՞նկ հաճույք է համալիրում հարսանիք կազմակերպելը։ «Այո, թանկ հաճույք է»,- պատասխանեց տնօրենը։ Բադալյանները հարսանիքը համալիրում անցկացնելու համար վճարել են 30 մլն դրամ։
Համացանցում քննարկում են, որ Բադալյանների հարսանիքին 800-ից ավելի հյուր է եղել։