Ներկա պահին Նոր Խարբերդ համայնքում ընթանում է ջրատար խողովակների փոփոխություն ու ջրաչափերը տների բակերից հանելու աշխատանքներ։ Այս աշխատանքները պայմանավորված չեն միայն տվյալ համայնքով, այլ բոլոր այն տներում, որտեղ ջրաչափերը գտնվում են տան բակերում, պետք է հանվեն դուրս։
Այս գործընթացի աննորմալությունը կայանում է նրանում, որ բնակիչները որևէ կապ չունեն ո’չ նախկին որոշման հետ, որ ջրաչափերը պետք է լինեին տների բակերում, ո’չ էլ նոր որոշման, համաձայն որի, դրանք պետք է դուրս բերվեն, բայց զավեշտ է, որ որոշման ծախսերը պետք է «քաշեն» քաղաքացիները։
Այսինքն՝ ինչպես Օստապ Բենդերը կասեր. «Գաղափարը մեզնից, բենզինը ձեզնից»։ ՀՀ Կառավարությունը պետք է հստակ պատասխան տա, թե ինչո՞ւ են «Վեոլիա Ջուր» ընկերության որոշման արդյունքում քաղաքացիներն ընկնում հավելյալ ծախսի տակ։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում, երբ որևէ ընկերություն, կամ թեկուզ Կառավարությունը ընդունում է որոշում, որը պետք է պարտադիր լինի բոլորի համար, ապա դրանից բխող ծախսերը նույնպես վերցնում է իր վրա։ «Վեոլիա Ջուր» ընկերության արդարացումն այն է, որ իրենք պատասխանատու են միայն մինչև ջրաչափ մտնող ջրի համար, իսկ ջրաչափից դուրս պատասխանատվությունն արդեն բնակչի վրա է։ Պայմանագրում այդպես էլ նշված է, սակայն դա վերաբերում է պատասխանատվությանը, այլ ոչ ընկերության որոշմամբ ջրաչափերի տեղափոխմանն ու դրանից բխող հավելյալ ծախսերին։
Այս գործընթացը պարզապես շորթում է, շանտաժ, քանի որ բնակչի չհամաձայնության դեպքում մարդիկ մնալու են առանց ջրի, որովհետև փակվելու է նախկին ջրագիծը։
Այստեղ անելիք ունի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քանի որ այդ մարդիկ աշխատավարձ են ստանում առաջին հերթին սպասարկելու հանրության շահերը, այլ ոչ մեկ ընկերության, բայց ստացվում է հակառակը։ Նրանց աշխատավարձերը գոյանում են մեր՝ հարկատուներիս հաշվին, բայց օգտնվում են կոնկրետ ընկերություններ։
Առավել քան վստահ եմ, որ ՀՀ Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկելու կասեցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շորթումը, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց դադարել է օրգանական կապ ունենալ Հայաստանի Հանրապետության ու հայ հասարակության հետ։
Կարեն Կարապետյան