Տարածաշրջանն այս պահին գտնվում է աննախադեպ պայթյունի շեմին, ավելի ճիշտ այդ պայթյունն արդեն տեղի է ունեցել ու ներկայումս սպառնալից են նրա ընդլայնման տեմպերը։ Տարածաշրջանում թերևս ամենախոցելին Հայաստանն է՝ պայմանավորված մի քանի գործոններով։ Առաջինը՝ թուրք-ադրբեջանական հավակնությունն է ՀՀ մի շարք տարածքների ու ընդհանրապես ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Երկրորդը՝ հուսալի դաշնակիցների բացակայությունն ու անվտանգային միակ համակարգում, որին անդամագրված էր Հայաստանը, հարաբերությունների սառեցումը։ Երրորդը՝ չվերականգնված բանակը։ Չորրորդը՝ իշխանության կողմից հասարակության արժեհամակարգը քայքայելու հետևողական քայլերը։
Ներկայումս տարածաշրջանի ու տարածաշրջանով շահագրգիռ բոլոր պետությունների ղեկավարները գտնվում են գրեթե 24 ժամյա հեռախոսազրույցների, բանակցությունների, հայտարարությունների մեջ։ Յուրաքանչյուրը փորձում է լուծել երկու խնդիր՝ ցանկացած սցենարի զարգացման դեպքում իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով և առավելագույն օգուտներով։ Ոչ ոքի չեն հետաքրքրում դատարկամիտ խաղաղության կոչերը կամ ինչ-որ խաղաղության ապուշ խաչմերուկները։ Բոլորն առաջնորդվում են քաղաքական հնարավորինս ռացիոնալ հաշվարկներով, հիմքում ունենալով այն պարզ գիտակցումը, որ նոր ձևավորվող աշխարհակարգն աստիճանաբար թևակոխում է վճռորոշ փուլ։
Ավելին՝ հենց այս պահին որոշվում է նաև Սյունիքի ճակատագիրը։ Ամեն ինչ ուղիղ հասկացող որոշ ՔՊ-ականների համար հարկ է շեշտել, որ բնականաբար խոսքն այն մասին չէ, որ Իրանն ու Իսրայելը պատերազմում են հանուն Սյունիքի, այլ այն, որ այս հակամարտության ելքից է նաև մեծապես կախված Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքը։ Հատկապես պետք է հաշվի առնել, որ նշված խնդրով ամենաշահագրգիռ կողմերից մեկը՝ Իրանը, արդեն պատրաստ է որոշակի զիջումների գնալ, այն է՝ միջուկային զենք ունենալուց հրաժարվելու համաձայնագրի ստորագրմանը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիրքորոշման մեղմացումը չի կարող հանդիսանալ հավելյալ զիջումներից մեկը։
Ու ահա այս ամենի ֆոնին ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել ոչինչ։ Երեկ նա որոշել էր տիկնոջ հետ «կրթել» արտաշատցիներին, իսկ այսօր որպես մեծագույն նվաճում ու «անվտանգային համակարգի» ուժեղացում՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոխվել են մետրոյի «գործարանային» կայարանի շարժասանդուղքները։
Սա քաղաքական տեսանկյունից և՛ խայտառակություն է, և՛ աղետ։ Տպավորություն է, որ Փաշինյանն առհասարակ տեղյակ չէ Իրան-Իսրայել հակամարտությունից։ Միշտ չէ, որ լռությունը կարող է դիտարկվել որպես դիվանագիտություն։ Հայաստանի ներկայիս պայմաններում այդ լռությունը կարող է ունենալ մի քանի պատճառ, որոնք բոլորն էլ ի վնաս մեզ են։ Նախ՝ այն կարող է թելադրված լինել Փաշինյանի կողմից ավելի վաղ ստորագրված կապիտուլյացիայի հանգամանքով։ Այսինքն՝ դու որևէ մեկին պետք չես, ոչ ոք քո կարծիքը հաշվի չի առնում, չկա մեկը, որը ցանկություն ունենա քո հետ քննարկելու ստեղծված իրավիճակը, կամ սպասի քո զանգին, էլ չասած, չի բացառվում, որ այս լարված իրավիճակում նույնիսկ անտեսեն Փաշինյանի զանգը։ Հաջորդը՝ վախվորած լռությունն է, ինչը հաճախ փորձում են անվանել «ճկունություն»։ Սակայն, հաճախ դիրքորոշման հստակ չարտահայտումն ավելի վտանգավոր է, քան կողմերից որևէ մեկի պաշտպանությամբ հանդես գալու հաշվարկն ու հնարավոր սխալը։
Իհարկե Հայաստանը թեթևակի «ծպտուն» հանել է, սակայն նման ճակատագրական պահերին միայն ԱԳՆ հայտարարությունը բավարար չէ, իսկ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումն ընդհանրապես գրոշի արժեք չունի։
Կարեն Կարապետյան